Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Վաշինգտոնի մետրոպոլիտենում արտակարգ դեպք գրանցվեց: Գծերից մեկում գնացքը տեխնիկական անսարքության պատճառով դուրս էր եկել ռելսերից: Ուղեւորները որոշ ժամանակ մնացել էին ծխի եւ մթության մեջ, ապա բավականին երկար տարածություն ստիպված էին եղել անցնել թունելների միջով փրկարարների ուղեկցությամբ:
Բարեբախտաբար զոհեր չկան, կան թեթեւ վերքեր ստացածներ եւ վախեցածներ: Այս երկրի համար դա արդեն խնդիր է եւ լուրջ մտահոգության առարկա: Իհարկե, մետրոպոլիտեն ունեցող քաղաքներում նման դեպքեր երբեմն պատահում են, սակայն այս դեպքում արտառոց էր այն, որ վթարից հետո տեխզննման է կանգնեցվել գնացքների 60%-ը, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ մետրոյի 7000 սերիայի գնացքները, որոնք էլ կազմում են նշյալ տոկոսը, անիվների հետ կապված տեխնիկական խնդիրներ ունեն:
Այժմ համապատասխան մարմինները զբաղվում են խնդրի ծագման պատճառների ուսումնասիրությամբ, իսկ մինչ այդ մետրոպոլիտենը աշխատում է արտակարգ ռեժիմով, գնացքները ժամանում են 15-20 կամ 30-40 րոպեն մեկ նախկինի 3-5 եւ 10-15 րոպեների փոխարեն: Բնականաբար հասկանալի է, թե նման խիտ բնակեցված քաղաքում դա ինչպիսի ծանրաբեռնվածություն է ենթադրում:
Իրականում մետրոպոլիտենը քաղաքի երթեւեկության ծանրաբեռնվածության զգալի մասը վերցնում է իր վրա, քանի որ բնակչության մի ստվար հատված գերադասում է տեղափոխվել տրանսպորտային այս միջոցով: Նախ այն հարմար է, մաքուր է, և հետո՝ անվտանգ է (ի տարբերություն Նյու Յորքի մետրոյի)։
Մինչեւ վերջին դեպքերը շատերը վստահ էին նաեւ, որ ապահով է եւ, որ ամենակարեւորն է, լուծվում է քաղաքում երթեւեկության ծանրաբեռնվածության եւ ավտոկայանատեղի գտնելու բավականին բարդ խնդիրը: (Թեեւ պետք է խոստովանել, որ գնացքները բավականին հնաոճ են եւ արդիականացված չեն):
Մետրոպոլիտենից բացի՝ հանրային տրանսպորտի մաս են կազմում մետրոավտոբուսները (Metrobus), որոնք հարյուրավոր երթուղիներ են իրականացնում ամբողջ քաղաքում ավելի քան 1400 ավտոբուսներով եւ, ամենակարեւորը բնապահպանության տեսանկյունից, օգտագործում են սեղմված բնական գազ կամ հիբրիդային էլեկտրական շարժիչ համակարգ, որն օգնում է պահպանելու մայրաքաղաքն էկոլոգիապես մաքուր:
Քաղաքային տրանսպորտի մաս են կազմում նաեւ, այսպես կոչված, զբոսաշրջային ավտոբուսները կամ DC Circulator-ները, որոնք զբոսաշրջիկներին հատուկ երթուղիներով տեղափոխում են քաղաքի առավել նշանակալից վեց հիմնական ուղղություններով՝ Ադամս Մորգան (Adams Morgan), Դյուպոն Սրքըլ (Dupont Circle), Ջորջթաուն (Georgetown), Վուդլի փարք (Woodley park) եւ Կապիտոլիումի բլուր:
Ավտոբուսն արժի 1 դոլար բոլոր ուղեւորների համար: Յուրաքանչյուր երթուղու չվացուցակը հասանելի է, իսկ ավտոբուսները շարժվում են 10 րոպեն մեկ: Բացի վերոնշյալից՝ գոյություն ունի նաեւ տարածաշրջանային հասարակական տրանսպորտ, որը, պայմանավորված համավարակով, անվճար է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
Տրանսպորտային մյուս միջոցների համար (Metrorail, Metrobus) գործում է SmarTrip՝ վերալիցքավորվող պլաստիկ քարտը կամ բջջային հավելվածը: Ուղեւորության գինն էլ կախված է կոնկրետ ժամից (ծանրաբեռնված եւ ոչ ծանրաբեռնված ժամեր), ինչպես նաեւ հեռավորությունից: Գործում են նաեւ փաթեթային տարբերակներ:
Շատ կարեւոր է նշել, որ տրանսպորտային բոլոր միջոցները, կանգառները հարմարեցված են հատուկ կարիքներ ունեցող կամ ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից զրկված ուղեւորների համար: Բոլոր տեղերում գործում է նաև Քովիդ-19֊ի խիստ ռեժիմ: Տրանսպորտային բոլոր միջոցներն աշխատում են խիստ կանոնակարգված գրաֆիկով, ինչին կարելի է հետեւել համապատասխան կայքէջերում, ինչպես նաեւ համացանցային ճանապարհացույցի (Navigation) միջոցով, որտեղ ակնթարթային արտացոլվում են երթուղու փոփոխությունները, ուշացումները, վաղ ժամանումները եւ այլն:
Բացի վերոնշյալ փոխադրամիջոցներից՝ քաղաքում կարելի է տեղաշարժվել տաքսիների կամ, ինչպես այստեղ են անվանում, Uber-ների միջոցով, որոնք սակայն, ի տարբերություն Հայաստանի, չափազանց թանկ են: Եվ որ ամենակարեւորն է, հայաստանյան տաքսու վարորդների պես համով-հոտով, հնարովի եւ ֆանտասմագորիկ պատմություններով չեն լցնում ուղեւորի առօրյան՝ ընդգծված ձեւով աղքատացնելով քաղաքային ֆոլկլորը տաքսիապատումների տեսանկյունից:
Ալվարդ Սեմիրջյան