Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների՝ փոխվարչապետների հետ մշտապես կապի մեջ է: Անցկացվել է 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի:
«Միաժամանակ, գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ եւ բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ: Դուք գիտեք, որ աշխատել են նաեւ ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք որոշակի լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»,- ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդպիսի հսկողություն պետք է իրականացվի հավասարության հիմունքներով, դա նույնպես քննարկել ենք, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբիլային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ցանկանում ենք Ձեզ հետ այսօր դա քննարկել եւ մտածել, թե ինչպես շարժվել առաջ»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը: