Աշխարհի ամենահին գրադարաններից մեկում՝ Վատիկանի՝ 1475-ին հիմնված առաքելական գրադարանում, բացվել է նոր ցուցասրահ: Ըստ Վատիկանյան ԶԼՄ-ների, ցուցասրահի բացմանն աջակցել են ամերիկացի ձեռնարկատեր եւ բարերար Քըրք Քըրքորյանի ժառանգները: Բացումը կատարել է Հռոմի պապը երեկ` շնորհակալություն հայտնելով բարերարներին, որոնք իրագործել են Վատիկանի այս նոր ծրագիրը՝ կապել առաքելական ավանդական գրադարանը ժամանակակից արվեստին: Նշվում է, որ այն Վատիկանի պալատի առաջին ժամանակակից արվեստի ցուցասրահն է, որտեղ կազմակերպվելիք ձեռնարկները նպաստելու են գրադարանի ավանդական հետազոտական բնագավառները՝ պատմություն, օրենք, փիլիսոփայություն, գիտություն եւ աստվածաբանություն, ներկայացնել նոր ու ժամանակակից լույսի ներքո:
Ցուցասրահը բացվել է իտալացի ժամանակակից արվեստագետ Պիետրո Ռուֆոյի ցուցահանդեսով: Այն կրում է «Բոլորս. մարդկությունն ուղեւորության մեջ» խորագիրը եւ ներկայացնում է ճամփորդական քարտեզներից մինչեւ այլաբանական քարտեզներ՝ ներշնչված պատմությունից ու ներկա կյանքի մարտահրավերներից: Ցուցահանդեսը առաքելական գրադարանի նորաբաց ցուցասրահում գործելու է մինչեւ 2022-ի փետրվարը: