ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել։
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեեւ այդ երկրների եւ ժողովուրդների հետ մեզ կապում է երկար եւ սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ոլորտներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա պոտենցիալի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեքորեն հաշվի առնելով տարածաշրջանային փոխված իրողությունները»,- ասվում է փաստաթղթում:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում եւ համացանցային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումները, թե «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին «Լեռնային Ղարաբաղն անջատելուն», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:
«Նման հայտարարությունները պոպուլիստական են, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին եւ իրականության հետ որեւէ առնչություն չունեն»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարությունում նշել են, որ Մոսկվայի նախաձեռնած եռակողմ բոլոր փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, չափազանց հարգալից են եղել Բաքվի եւ Երեւանի ինքնիշխանության եւ շահերի նկատմամբ։ «Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնություն չի եղել, եւ դա բնականոն երեւույթ է: Փոխարենը, արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով եւ արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարեւոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ <…> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերելու, կողմերի խնդրանքով տրամադրելու անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսելու սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ընդգծվել է, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու կոնֆլիկտային իրավիճակները եւ կարգավորելու միջադեպերը։ Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ հրատապ տեղեկության փոխադարձ փոխանակման նպատակով: Որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարր է նշվել եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) աշխատանքը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան վճռական է՝ շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով։
«Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձեւաչափը դեռ սպառված չէ: Դրա մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը ՄԽ համանախագահների հովանու ներքո, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպման օրակարգում հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահների ծրագրերի մեջ են մտնում այցելությունը տարածաշրջան եւ շփումների շարունակում «3+2» ձեւաչափով»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ԵԱԽ-ի ութ հանդիպումների արդյունքում ներկայացվել է զեկույց, որտեղ նկարագրված են երկաթուղային եւ ավտոմոբիլային կոնկրետ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապը՝ ելքով դեպի հարեւան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը եւ լրացուցիչ ներդրումներ կներգրավի։ Ընդգծվել է, որ այդ կապակցությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս։
«Պակաս կարեւոր չէ, հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, ինչն ուռճացվում է ԶԼՄ-ներում, որ ԵԱԽ-ի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված եւ նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։