ՀՀ Կառավարությունից Հայաստանի հանրային ռադիոյին հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ եռակողմ հանդիպում այս պահին նախատեսված չէ:
Կիրակի օրը ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ Կրեմլում հաստատել են այն տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելել էր, որ տեսակոնֆերանսի ձեւաչափով այդպիսի հանդիպում իսկապես նախապատրաստվում է:
«Ռոսիա-1» հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթ չի բացառվում երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառումները՝ նվիրված Արցախի վերաբերյալ կնքված եռակողմ հայտարարության մեկ տարվան։
Հոկտեմբերի 22-ին «Ալիք Մեդիան» դիվանագիտական վստահելի աղբյուրներից տեղեկացել էր, որ եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ կստորագրեն, որոնք գրեթե ավարտուն տեսք են ստացել: