Սերբիայում ընթացող մինչեւ 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային ազատ ոճային Արսեն Հարությունյանը, դիտարժան ու գերարդյունավետ եզրափակիչում 11։7 հաշվով հաղթելով ռուսաստանցի Արթուր Չեբոդաեւին, նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։
Արսեն Հարությունյանը մինչեւ եզրափակիչ հասնելը 6։0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգեռլեյի եւ 10։0 հաշվով՝ Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամադ Մոկաեւի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ասիլ Այտակինին։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը երկու հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով, պարտության է մատնել ուզբեկ Ասոմիդին Հասանովին, բայց կիսաեզրափակիչում 2։4 հաշվով զիջել իրանցի Մոհմադսադեղ Ֆիրուզպոնդպայեին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Ավստրիայի ներկայացուցիչ Սիմոն Մարկլն էր։ Հայ ըմբիշը հաղթել է 10։0 հաշվով ու նվաճել բրոնզե մեդալը։
Սիմոնյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր ամերիկացի Էնտոնի Կասիոպիին, բայց քանի որ ամերիկացին հասավ մինչեւ եզրափակիչ, հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ։ Հաղթելով ալբանացի Պարիս Կառեպիին, հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայպուդին Մագոմեդովի հետ։
Նոյեմբերի 6-ին մեր ընտրանու կազմում փոխչեմպիոն էր հռչակվել Վազգեն Թեւանյանը, բրոնզե մեդալակիր էին դարձել Մանվել Խնձրցյանը եւ Արման Ավագյանը։
Այսպիսով՝ Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մինչեւ 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե եւ հինգ բրոնզե մեդալ։ Հավաքածուն կարող է թարմանալ ազատ ոճի գերծանր քաշայինների երրորդ տեղի համար գոտեմարտից հետո։