Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կրթական ծրագիր է մեկնարկել, որը հայկական ասեղնագործության ավանդույթները կփոխանցի հետաքրքրվողներին: Գաղափարի հեղինակ, «Զարդ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Եվգենյա Օհանյանը հատկապես ուսանողներին է ուզում կապել հայկական ասեղնագործության հետ: Նա շրջում է համալսարանից համալսարան՝ ապագա տնտեսագետների, իրավաբանների, աշխարհագրագետների եւ այլ մասնագիտություն ընտրած ուսանողների համոզում, որ իրենց դիպլոմային աշխատանքները հաջողությամբ կարող են կապել հայկական ասեղնագործության հետ: «Ալիք Մեդիա»-ին նա պատմում է, թե ինչպես կարող են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ առնչվել դարերից եկած եւ այսօր էլ ծաղկուն օրեր ապրող հայկական ասեղնագործությանը:
«Սա վերացական գաղափար չէ: Աշխարհագրության ֆակուլտետում ապագա քարտեզագետներից մեկը, օրինակ, կարող է այնպիսի քարտեզ կազմել, որի վրա լինեն հայկական ասեղնագործության ավանդական օջախները՝ Մարաշ, Այնթափ, Վան, Քիլիս եւ այլն: Դրանք հեքիաթային անուններ չեն, իրական բնակավայրեր են, որտեղ արվեստի գլուխգործոցներ են ստեղծվել: Կամ տնտեսագետը կարող է ծրագիր կազմել, ուսումնասիրելով համաշխարհային օրինակները կամ թեկուզ հենց մեր հին հայկական համքարությունների փորձը, թե ինչպես ասեղնագործող վարպետները կարող են իրացնել իրենց աշխատանքը, բայց ոչ թե որ ամեն մեկն իր համար փող աշխատի, այլ, այսպես ասած, համքարության շրջանակում: Իրավաբանը կարող է պաշտպանել ասեղնագործության նմուշների հեղինակային իրավունքը եւ այսպես, ես կարող եմ բոլոր մասնագետների՝ բանասերների, լրագրողների, երաժիշտների, բոլորի համար դուռ բացել դեպի հայկական ասեղնագործություն»:
Եվգենյա Օհանյանը 40 տարի է՝ տարբեր ծրագրեր է իրականացնում երիտասարդների հետ եւ համոզված է, որ իր այս գաղափարն էլ իրականություն կդառնա: «Երկու տարի հետո, կարծում եմ, կտեսնենք ծիլերը»:
Իսկ մինչ այդ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվել է «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր, վաղը…» խորագիրը կրող ցուցահանդեսը (ձեւավորող՝ նկարիչ Մկրտիչ Մաթեւոսյան), որը ներկայացնում է հայկական ասեղնագործության տարբեր դպրոցների նմուշներ, կգործի մինչեւ նոյեմբերի վերջը:
Ներկայացված են 17-20-րդ դարերի ասեղնագործության բացառիկ գործեր, Շուշիի գորգերի թանգարանի, նկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանի, մանրանկարիչ եւ հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուներից, ինչպես նաեւ ժամանակակից հայ վարպետների աշխատանքներ:
Ցուցահանդեսը նվիրված է Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Նա նույնպես զբաղվել է ձեռագործությամբ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է Թումանյանի թանգարանի ֆոնդերում պահվող այն աշխատանքները, որոնք Օլգա Թումանյանը գործել է որդիների աքսորվելուց հետո: «1937-ից հետո նա փակվել էր տանը, ոչ մեկի հետ չէր ուզում շփվել, մենության մեջ գործում էր: Հատուկ տեսակի գուլպաներ կային, քանդում էր, թելերը ներկում, դրանցով ձեռքի աշխատանքներ ստեղծում: Շատ բաներ նվիրել է, բայց որոշ բաներ էլ պահվել են թանգարանում»:
Ցուցահանդեսին նրա գործերից մեկի հետ նաեւ այն լամպն է ցուցադրված, որի լույսի տակ որդիներին սպասելով գործել է Օլգա Թումանյանը:
«Ասեղնագործությունը, ձեռքի աշխատանքները ընդհանրապես կապվում են տխուր իրադարձությունների հետ, բայց դրանց մեջ նաեւ ապրեցնող, կյանք վերադարձնող ինչ-որ բան կա»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը: Նա հիշում է, որ ժամանակին հնագիտության եւ ազգագրութան ինստիտուտի տպագրած գրքերից մեկում մի գլուխ նվիրված էր հայկական ասեղնագործությանը, եւ հոդվածի հեղինակ Անուշ Շարամբեյանն այն վերնագրել էր «Սեւ օրվա հացը»:
«Եվ դա պատահական չէ: Եղեռնից, բոլոր տեղահանություններից հետո հայ կանայք այլ վայրերում, երբ ոչինչ չեն ունեցել, սկսել են ասեղնագործել, գործել եւ դրանով վաստակել օրվա հացը: Նրանք նույնիսկ Դեր Զորում են իրենց թոռներին ասեղնագործություն սովորեցրել՝ մտածելով, որ մի օր պետք կգա: Կտրել են իրենց ներքնաշորերի փեշերը, դրանց վրա սովորեցրել, իսկ ասեղ միշտ ունեին իրենց հետ: Այսօր էլ՝ Հալեպի պատերազմից հետո, Հայաստան եկած կանայք են փոխանցում այդ արհեստ-արվեստը, որ սովորել են իրենց տատերից, մայրերից, որոնք Մարաշից եւ այլ վայրերից են գաղթել եւ գնացել Հալեպ, որտեղ նաեւ այդ արհեստով են ոտքի կանգնել: Այնպես որ դրա մեջ ե՛ւ տխուր պատմություններ կան, ե՛ւ ուրախ»,- մեզ հետ զրույցում ասում է Լեւոն Աբրահամյանը:
Հալեպահայ Մարալ Շեոհմելյանը, որ Հալեպում ընդամենը խաղաղ կյանքով ապրող տնային տնտեսուհի էր, երբեք չէր կարող պատկերացնել, որ պատերազմ կլինի, կտեղահանվեն, եւ ինքը Հայաստանում կսկսի կիրառել իր տատերից եւ մայրիկից սովորած ասեղնագործության գաղտնիքները, կդառնա նույնիսկ Հայաստանի ժողովրդական վարպետ: Նա Հայաստանի կողմից նաեւ Վաշինգտոնում 2018-ին կայացած Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնին է մասնակցել, որտեղ իր աշխատանքներով հենց այդ վերածննդի պատմությունն է ներկայացրել:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Մարալն անկեղծանում է. «Չէի կարող պատկերացնել, որ այն, ինչ սովորական, առօրյա զբաղմունք էր մեզ համար, Հայաստանում այսպես կարող է գնահատվել, եւ երիտասարդ սերունդը կարող է այսպես հետաքրքրվել: Հատկապես արվեստաբանները, այստեղի վարպետները շատ են արժեւորում այն, ինչ մենք ենք անում: Վաճառում ենք ե՛ւ փոքր՝ կիրառական գործեր, ե՛ւ մեծ աշխատանքներ, որոնք մեծ սրահներում են դրվում, բայց հիմնականում միշտ ուզում ենք սովորեցնել, որ չմոռացվի, կատարելագործվի, հաճախ նաեւ ցուցադրում ենք»: Նա ցուցահանդեսին իր աշխատանքներից բացի բերել էր նաեւ մոր՝ Լուսին Մխչճյանի մի աշխատանքը, որ ինքնատիպ տեխնիկայով է արված. վերադիր ասեղնագործություն է, մկրատով բացված հատուկ նախշազարդերը զարդարվում են այլ կտորների եւ ասեղի օգնությամբ: Մարալի՝ այսօր արդեն հայաստանաբնակ մայրն այդ եղանակով պահել է Եդովկիայի գավառի Քիլիսի ասեղնագործության դպրոցը եւ ասեղնագործել բոխչա, որի մեջ բաղնիք գնալիս փոխնորդ են դրել: Վերածնունդ է ապրել թե՛ Քիլիսի դպրոցը, թե՛ մոռացված բոխչան:
Պատմելով վերադիր ասեղնագործության մասին՝ Մարալն ասում է նաեւ, որ մայրն այդ գործի գաղտնիքները սովորել է քիլիսցի մի հայ տղամարդուց, որը նրա ազգականն էր եւ այդ գործի վարպետներից:
Ազգագրագետ Լեւոն Աբրահամյանն էլ այն կարծիքին է, որ ասեղնագործությունն այնքան խոր արվեստ է, որ թե՛ կանայք են տղամարդկանցից սովորում, թե՛ տղամարդիկ՝ կանանցից: «Խաչկար ասեղնագործություն կա, խաչքարի հետ կապ չունի, բայց գուցեեւ ունի, քանի որ խաչքարային արվեստի որոշ նմուշներ որ լավ նայում ենք, նրանց մեջ ասեղի նուրբ աշխատանքի այդ գիծը տեսնում ենք, եւ կարծիք կա, որ տղամարդիկ կանանցից են սովորել այդ նախշերը: Այնպես որ դեռ պարզ չէ, թե ով ում է սովորեցրել»:
«Շարակար ասեղնագործություն», «Ոսկեթել եւ ոսկեքուղ ասեղնագործություն» (քուղակար), «Հյուսքային ժանյակ», «Մաքոքի գործ», «Մարաշի հյուսված կար», «Խաչկար ասեղնագործություն», «Հայկական ասեղնագործ ժանյակ», «Այնթապի ասեղնագործություն», «Մարաշի հարթակար» եւ այլ անուններով ներկայացված ցուցանմուշների մեջ Շուշիի գորգերի թանգարանից երկու բացառիկ նմուշ կա՝ 17-րդ եւ 19-րդ դարերի ասեղնագործ ծածկոցներ, որոնք նույնպես փրկության ճանապարհ են անցել. 2020-ին՝ Շուշիի գրավումից առաջ, թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը կարողացել է թանգարանի աշխատանքների հիմնական մասը ռմբակոծությունների տակ գիշերով հանել Շուշիից եւ փրկել:
Դրանք, մեկ տարի է՝ Հայաստանում ցուցադրվելով, հայերի վերջին՝ ամենաթարմ փրկության պատմությունն են պատմում: Ասեղնագործ նմուշները Շուշիի գորգերի թանգարանի միակ երկու եզակի ասեղնագործերն են. «Կենաց ծառ» հարթակարը ստեղծվել է 17-րդ դարում հավանաբար Ասկերանի տարածքում, մյուսը՝ «Շողշողուն խաչ» խաչկարը, ստեղծվել է 19-րդ դարում Թաղավարդ գյուղում:
Նարեկ Վան Աշուղաթոյանը ժողովրդական արտիստ, մի շարք թանգարանների հիմնադիր Հովհաննես Շարամբեյանի թոռն է: Նա ասեղնագործության առաջին նմուշներն իրենց տանն է տեսել, նախնիները դրանք Վանից են բերել: Մտածել է աճուրդներում փնտրել եւ գտնել նման պատառիկներ ու այսպես կազմել իր հարուստ հավաքածուն, որը մեկ այլ փրկության պատմություն է պատմում: Ցավով է նշում, որ աճուրդներում դրանց մեծ մասը ներկայացած է «թուրքական» անվան տակ, եւ ինչպես ասում էին ցուցահանդեսի կազմակերպիչները, այսպիսի ցուցահանդեսները նաեւ այդ նպատակն ունեն՝ աշխարհին ներկայացնել հայերի սեւ օրվա համար պահված եւ մի գեղեցիկ օր հրաշքի վերածված արվեստը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։