Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց հրապարակել է հուշագիր մարդու իրավունքների վիճակի եւ հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ:
Հանձնակատարը մարդու իրավունքների պաշտպանության հրատապ գործողությունների համար ութ առաջարկ է ձեւակերպել:
Մշակել արդյունավետ եւ ճկուն պայմաններ
Միյատովիչը մասնավորապես նշել է, որ հակամարտությունից տուժած տարածքներ հասանելիությունը մնում է ծայրահեղ սահմանափակ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաեւ մարդու իրավունքների մշտադիտարկում իրականացնող առաքելությունների առաջ։
Հանձնակատարը իշխանությունների ներկայացուցիչներին կոչ է անում մշակելու արդյունավետ եւ ճկուն պայմաններ մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների համար՝ բոլոր նրանց համար, ովքեր մարդասիրական օգնության եւ մարդու իրավունքների պաշտպանության հրատապ կարիք ունեն:
Համալրեցին տեղահանվածների շարքերը
2020 թվականի մարտական գործողությունները ստիպեցին տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր ապրում էին հակամարտության գոտում կամ մոտակայքում, լքել իրենց տները՝ համալրելով 1990-ականներին հակամարտությունից տեղահանվածների շարքերը:
«Յուրաքանչյուր ոք, ով տեղահանվել է հակամարտությունից եւ ներկայում բնակվում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստիպված լինի վերադառնալ նախկին տները»,- ասել է հանձնակատարը։ Նա շեշտել է, որ վերադարձը պետք է լինի կամավոր եւ պետք է իրականացվի ապահով եւ արժանապատիվ պայմաններում։ Վերադարձող թեկնածուներին պետք է տրամադրվեն հավաստի տեղեկություններ՝ իրազեկված որոշում կայացնելու համար:
Խոր ափսոսանք պայթուցիկ զինատեսակներից զոհերի համար
Հանձնակատարը, որը նաեւ տեղյակ է տարածաշրջանում ականների եւ պատերազմի այլ պայթուցիկ զինատեսակների բարձր կոնցենտրացիայի մասին, խոր ափսոսանք է հայտնել, որ քաղաքացիական անձանց ռազմական գործողությունների ավարտից հետո դրանք շարունակում են սպանել եւ լրջորեն վիրավորել բազմաթիվ մարդկանց։
Նա խրախուսել է կողմերին համագործակցել եւ տվյալների փոխանակում կատարել՝ հեշտացնելու ականազերծման գործընթացը: Հանձնակատարը նաեւ կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին վավերացնելու սովորական սպառազինության օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան եւ հարակից արձանագրությունները:
Դունյա Միյատովիչը նշել է, որ ռազմագերիների, մասնավորապես Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է եւ սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջեւ։ Հետեւաբար հրամայական է ապահովել, որ բոլոր դեռեւս գերության մեջ գտնվողները ստանան միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաեւ դյուրացվեն նրանց ազատ արձակումն ու վերադարձը:
Պետությունները իրավական պարտավորություն ունեն
«Շատ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության հետեւանքների ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամներին կամ անհայտ կորածների հարազատներ են: Ուստի չափազանց կարեւոր է առաջնահերթություն տալ անհայտ կորածների ընտանիքների կարիքներին, նրանց իրավական եւ գործնական կարիքներին, ինչպես նաեւ ճշմարտությունն իմանալու իրավունքին որոշումներ կայացնելիս եւ այս խնդրին առնչվող բոլոր գործողությունները կատարելիս»,- ասել է հանձնակատարը: Այս առումով անհրաժեշտ է ավելի ակտիվ փոխգործակցություն երկու կողմերի հետ՝ հաղորդակցությունը բարելավելու, միասնական տվյալների բազա ստեղծելու եւ մարդկային մնացորդների հայտնաբերման եւ նույնականացման հնարավորությունները մեծացնելու համար:
Կանխել ատելության հրահրումը
Բացի այդ՝ հանձնակատարը ստացել է արժանահավատ զեկույցներ ՀԿ-ներից, հակամարտության զոհերից եւ նրանց հարազատներից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման եւ հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Հանձնակատարն ընդգծել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ պետությունները իրավական պարտավորություն ունեն պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար մեղավորներին։
Աջակցել խաղաղ նախաձեռնություններին
Հանձնակատարը հատկապես անհանգստացած է բնակավայրերի՝ անկանոն գնդակոծման մասին հաղորդումներից, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց մահվան եւ լուրջ վիրավորումների: Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին հրաժարվելու կասետային զինամթերքի օգտագործումից եւ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննություն, ինչպիսիք են անխտիր եւ/կամ անհամաչափ հարձակումները, բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու մեղավորներին եւ ապահովելու լիարժեք եւ արդյունավետ փոխհատուցում բոլոր զոհերին:
Հանձնակատարն ընդգծել է, որ երկու երկրներում էլ հանրային բանավեճն ավելի ու ավելի է աչքի ընկնում թունավոր, թշնամական, անհանդուրժող եւ բացահայտ անհարգալից տոնով: «Ագրեսիայի» մշտական հռետորաբանությունը կամ «թշնամիներ» բառի օգտագործումը, որը վերաբերում է մյուս կողմին, միայն նպաստում է բաժանարար գծերի հակառակ կողմերում ապրող մարդկանց միջեւ թշնամության պահպանմանը»,- ավելացրել է հանձնակատարը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն առաջարկել է, որ անդամ պետություններն էլ վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու եւ պայքարելու ատելության հրահրման դեմ եւ աջակցելու նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ գոյակցությանն ու հաշտությանը: