Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքվում շոշափել է Հայաստանի, 44-օրյա պատերազմի արդյունքների, տարածաշրջանում նոր ժամանակաշրջան սկսելու հնարավորության թեման:
Աքարի պնդմամբ Թուրքիան շարունակելու է կանգնել իր եղբայր Ադրբեջանի կողքին, եւ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո խաղաղությունը Կովկասում հաստատուն դարձնելուն միտված նոր պայքար է սկսվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարի դիտարկմամբ խաղաղության մնայուն հաստատման եւ ապագային միտված ամենակարեւոր քայլը «Շուշիի հռչակագիրն է»՝ կնքված 2021-ի հունիսի 15-ին:
Ըստ Աքարի՝ դրանով Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները բացել են կայունության ու համագործակցության վրա հիմնված նոր ժամանակաշրջանի դուռը: Այդ համատեքստում Աքարն անդրադարձել է «6-ի հարթակի» թեմային եւ Հայաստանին:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները մի կողմ կդնեն իրենց ներկայիս քաղաքականությունը եւ կգնահատեն այս պատմական հնարավորությունը՝ ներառյալ «6-ի հարթակի» մասին մեր առաջարկը: Արդեն բոլորը պետք է իմանան, որ ատելության վրա հնարավոր չէ ապագա կառուցել: Հայաստանը պետք է հրաժարվի թշնամանքից եւ նայի դեպի ապագա»,- շեշտել է Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաեւ հայտնել է, որ իր պատմական պատասխանատվությամբ պայմանավորված, Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար: