Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ Շուշիի մոտ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետեւանքով տուժած երեք քաղաքացիների (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) վիճակը գնահատվում է միջին ծանր:
Ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով մահացած Ե․Մ-ն 22 տարեկան էր:
Գեղամ Ստեփանյանը նաեւ հայտարարել է, որ այս միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի «հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է»:
Արցախի ՄԻՊ-ը հայտարարել է որ հակառակորդի կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ։
Թարմացում
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այսօր Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ, պարանոցի շրջանում՝ բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:
Երկրորդի մոտ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում է, ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք, փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլեւրալ խոռոչի թափանցման: Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանր: Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր: