Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ ճեպազրույցում հայտարարել է, որ պատվաստումը պարտադիր չէ եւ չի դառնա:
Վարչապետի պնդմամբ սա կառավարության հաստատուն որոշումն է, որը չի փոխվի։ Նա պատվաստումը պարտադիր դարձնելու մասին շահարկումներն ապատեղեկատվություն է որակել:
«Իմունականխարգելման քարոզարշավն էլ ավելի կակտիվանա, պատվաստումների քարոզչական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր շրջաններում։ Ուզում եմ եւս մեկ անգամ կոչ անել մեր քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվելու պատվաստումների գործընթացում, հոգ տանելու իրենց եւ իրենց սիրելիների առողջության մասին»,— նշել է վարչապետը:
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պարտադիր պատվաստումը կոպիտ միջամտություն է մարդկանց ընտրության հարցում, եւ բնակչության մեծ մասը չի աջակցում պարտադիր պատվաստմանը։
Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ պատվաստումներն ակտիվացնելու համար պետք է քաղաքացիներին բացատրել, որ դա է համաճարակի վերացման լուծումը:
200 լարի՝ յուրաքանչյուր պատվաստվող թոշակառուին
Վրաստանի կառավարության կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ մինչեւ հունվարի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստված կենսաթոշակառուները 200 լարի միանվագ հավելավճար կստանան։
Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այսուհետեւ պատվաստւմ ստացած յուրաքանչյուր թոշակառու 200 լարիի չափով միանվագ կենսաթոշակային հավելում կստանա: Վրաստանի վարչապետը հավելել է, որ հավելավճարը թոշակառուին կտրամադրվի պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո: