Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը: Գրողը մեղադրվում է իր նոր «Ժանտախտի գիշերներ» վեպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու համար:
Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով՝ Փամուքը ժողովրդի մեջ ատելություն եւ թշնամանք է սերմանել:
Գործը քննող դատախազությունը կարճել էր այն՝ հայտնելով, որ գրքում Աթաթուրքի դեմ ուղիղ վիրավորանքի օրինակներ չեն հայտնաբերվել:
Հայցվոր կողմը բողոքարկել էր որոշումը, իսկ բողոքը քննող դատարանն էլ եզրակացրել էր, որ գրքի որոշ հատվածներում կան արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական համարվել:
Օրհան Փամուքը չի ընդունել իր դեմ մեղադրանքները՝ շեշտելով, որ վեպում որեւէ կերպ Աթաթուրքին չի վիրավորել, չի անարգել նաեւ թուրքական դրոշը: