ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Շոմբի Շարփը նշել է, որ հեռանում է Հայաստանից միայն ջերմ հիշողություններով: Նա բարձր է գնահատել համագործակցությունը կառավարության գործընկերների, մասնավորապես փոխվարչապետի գրասենյակի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունն անմիջականորեն կախված է եղել նաեւ ձեւավորված կառուցողական համագործակցությունից:
Մհեր Գրիգորյանը Շարփին մաղթել է նորանոր հաջողություններ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի գործընկերը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւս ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի տուժած բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերը: Այդ համատեքստում Միրզոյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, դրանց թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիների՝ Արցախ անխոչընդոտ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:
Շոմբի Շարփը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող էր նշանակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից 2018-ի մարտի 1-ին։