ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել:
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը։ «Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ եւ ուժի կիրառման սպառնալիքներով»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունից ընդգծել են, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը եւ հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։
Հարկ է նշել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից սա վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ «Վստահ ենք, որ այս եւ նման հանցագործությունների պատշաճ հետաքննությունը եւ բոլոր պատասխանատուների արդարադատության առջեւ կանգնելը կարող է կանխել քաղաքացիական բնակչության նկատմամբ հետագա հարձակումները»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։