Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում նոյեմբերի 7-ին բացվեց գյումրեցի նկարիչ Արթուր Սարգսյանի «Արտացոլանք» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էին նկարչի շուրջ հարյուր ստեղծագործություններ։
Ցուցասրահում մեկտեղված էին արվեստագետի երեք տասնամյակների գործերը։ Թե ինչու արտացոլանք, նկարիչը բացատրում է․ «Արտացոլում եմ այն, ինչ տեսնում եմ, զգում եմ, հավատում եմ։ Ես կարծիք եմ հայտնում, արտահայտվում իմ ձեւով, հանդիսատեսը կընկալի իմ մոտեցումը, թե ոչ, միանշանակ չէ։ Ընդունվելն էլ, չընդունվելն էլ համահավասար տարբերակներ են։ Ես նկարում եմ, որ ինքնարտահայտվեմ»։
Սա Արթուրի չորրորդ ցուցահանդեսն է։ Ասում է՝ վիրտուալ ցուցադրություններ տանել չի կարողանում, մարդը պետք է մտնի ցուցասրահ, մոտ կանգնի նկարին, զգա ներկի ու թղթի հոտը։ Երբեմն վիճի, համաձայնի կամ չհամաձայնի հեղինակի մտքերի հետ։
Նա չի մեկնաբանում ոչ մի ստեղծագործություն, վստահ է, որ նկարին նայողը սեփական եզրահանգման պետք է գա, արվեստասերին ուղղորդելու կարիք չկա։
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը կարեւորում է ինքնուս ստեղծագործողների բացահայտումն ու աշխատանքների հանրայնացումը։ Ասում է՝ նման ցուցադրությունները կնպաստեն, որ հասարակությունը ճանաչի ու գնահատի իր կողքին ապրող արվեստագետին։
Արթուրը 90-ականների Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եղել։ Ստեղծագործություններում էլ կարմիր թելով անցնում են նկարչի բողոքն ու ընդվզումը ընդդեմ պատերազմի, սակայն առաջին գիծ է մղում պայքարը։
Գրաֆիկայի թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը նույնպես ցուցադրված նկարներում իրարամերժություն է տեսնում, որոնք, սակայն, կյանքի իրական կողմերն են բացահայտում։ «Բացառիկ հետաքրքրություն առաջացնող նկարիչ է Արթուրը։ Ուրախություն, վիշտ, ցավ, կորուստ․․․ ամեն ինչ կարող ենք գտնել նկարչի գործերում»,- ասում է Մկրտչյանը։
Գյումրեցի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանը ցուցասրահում շրջելուց եւ նկարներն ուսումնասիրելուց հետո ասաց՝ հետաքրքիր էին։ «Զգացվում է, որ նկարիչը որոնումների մեջ է։ Հետաքրքիր է մտածում։ Նկատվում է, որ ինքնուս է, բայց ավելի վեր է, քան ինքնուս ցանկացած այլ նկարիչ։ 21-րդ դարի նկարչությունը ոչ միայն նկարել կարողանալն է, այլև գծերի ու գույների միջոցով հանդիսատեսին մտածելու տեղիք տալու ունակությունը, որն այստեղ կար»։
Ցուցադրությանը կից ներկայացված էր նաեւ գյումրեցի քանդակագործ Անդրանիկ Ավագյանի նույնանուն՝ «Արտացոլանք» քանդակների ցուցադրությունը։
«Ես ոչ թե քանդակում եմ, այլ տեսնում եմ բնական քանդակը։ Ծռմռված թիթեղի կամ այլ առարկայի վրա լույսի արտացոլանքից տեսնում եմ տարբեր դեմքեր ու դեպքեր։ Ես միայն ավելորդությունները հանում եմ ու թողնում, որ իրը խոսի։ Արթուրը նույն բանը տեսնում է հարթության, ես՝ տարածաչափության մեջ։ Նույն բանն ենք տեսնում, հայացքներս համընկնում են»,- ասում է քանդակագործը։
Նկարչի ու քանդակագործի արվեստների երկխոսությունը Գյումրու պատմության թանգարանում կշարունակվի եւս հինգ օր։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։