Որպեսզի ողբերգությունը կատարյալ լիներ, իսկ ցավը` պակաս անտանելի, պարտության տարելիցի նախօրեին Ազատության հրապարակում պետք է հայտնվեր հե՛նց Քոչարյանը։ Մեկն, ով սույն հրապարակը ժամանակին «թաթերական» էր անվանում։
Պաշտոնավարման տասը տարում նա ոչինչ ավելի լավ չարեց, քան ազատությունը բացառելը եւ «թաթերական»-ը խթանելը։
Փաշինյանը, եթե իր ծրագրածի չափ մնա իշխանության, այս մարդու համար տեղ կապահովի Կոմիտասից Անդրանիկ Մարգարյան ընկած սրբազան տարածքում։ Շնորհակալություն հայտնելու ձեւերից մեկն էլ անխախտ արարողակարգն է։
Վանո Սիրադեղյանի դին Հայաստան բերելու եւ այնտե՛ղ հանգիստ շնորհելու հապաղումը հենց դրա մասին է վկայում. հողը քիչ է, բոլորին չի բավականացնի։
Փաշինյանն իր ծրագրածի չափ կմնա իշխանության։ Նրա երկարակեցության ավիշը Քոչարյանի խոսքն է։ Կապ չունի՝ ո՛ր Քոչարյանի՝ Ռոբե՞րտ, Անդրանի՞կ, Շավա՞րշ… Ափսոս Արծրուն Հովհաննիսյանի ազգանունը Քոչարյան չէ։ Այս խոսքի էներգիան միակ ինքնաբավն է, բայց կապը չի կտրում մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչի տերության ռեսուրսից։ Հիմնական բնազդ է, երեւի։
Ծրագրածի չափը ոչ մի բանի ուղիղ համեմատական չէ։ Հակադարձ համեմատական էլ չէ։ Ծրագրածի չափը լայնքն ու երկայնքն է այն հղացումի, որը մի կարճ ժամանակ կոչվեց «թավշյա հեղափոխություն»։
Հիմա անուն չունի։
Հիմա անվան ժամանակ չէ։ Ու ոչ ոք չի կարող ասել, թե ռազմավարական կամ մարտավարական ինչ պատկանելություն են ցուցանում Նիկոլ, Ռոբերտ, Սերժիկ, Միշիկ, Աղվան եւ նման մյուս անունները։ Դրանք բոլորը հիմա մի են՝ համանուն, նույնանուն։ Դրանց միավորողը ոչ թե ազգությունը կամ քաղաքացիությունն է, այլ թավիշը, որով բեմն օտար աչքից կտրող վարագույրն է կարվում։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։