Նոյեմբերի 6-7-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կրթական կենտրոնում անցկացվեց «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. լրագրողական հայացք» խորագրով դասընթաց Շիրակի եւ Լոռու մարզերի գործող եւ ապագա լրագրողների համար։
Դասընթացը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում էր, որն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ «Կանաչ կլիմայի հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Ծրագիրը համակարգում է շրջակա միջավայրի նախարարությունը։
Եթե չենք կարող փոխել բնության փոփոխության ընթացքը, պետք է փոխվենք ինքներս։ Կլիմայի փոփոխության տեմպերի մեղմացման գործընթացին համաքայլ պետք է նաեւ հարմարվենք բնության թելադրած կանոններին։ Սրանք էին դասընթացի հիմնական թեմաները, որոնք պետք է նախ յուրացնեն, ապա հասարակությանը իրազեկեն լրագրողները։
Թե որքանով են յուրաքանչյուրիս առնչվում փոփոխվող կլիմայի առաջացրած բազմապիսի դրսեւորումները, շատերս պատկերացում անգամ չունենք։
Երաշտներ, կարկտահարություն, հեղեղումներ, խմելու եւ ոռոգման ջրի սակավություն, դրանից բխող պարենային անվտանգություն․ շարքը կարող ենք երկար թվարկել։ Վերջին շրջանում մասնագետների կանխատեսումները հոռետեսական են՝ կլիմայի փոփոխությունը աղետ է յուրաքանչյուրիս համար։
Գայանե Իգիթյանն իրականացվող ծրագրի հաղորդակցության փորձագետն է։ Ասում է՝ Հայաստանը կլիմայի փոփոխությամբ խոցելի երկրների շարքում է։ Խնդիրն ազդում է մեր երկրի տնտեսական բոլոր ոլորտների վրա։ Ըստ նրա՝ մեր պետությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ լուրջ աշխատանքներ է իրականացնում այս ուղղությամբ, բայց հանրության իրազեկման մակարդակը, մեղմ ասած, բավարար չէ։
Ծրագիրն իրականացնող թիմը վստահ է, որ իրազեկ մարդը կդիմակայի բոլոր խնդիրներին։ Աշխատանքային գործունեությունը ցույց է տվել, որ այս ոլորտում կրթական եւ հանրային իրազեկման հարցը կարեւորագույնն է։ «Դա է պատճառը, որ ընտրեցինք լրագրողներին, որոնք վաղը ստանձնելու են հանրային իրազեկման գործընթացը։ Դասընթացի միջոցով լրագրողները խորությամբ կըմբռնեն, որ կլիմայի փոփոխությունը բոլորիս խնդիրն է, պետք է համախմբվենք։ Խիստ կարիք կա կրթելու մարդուն, քայլելու ժամանակին համընթաց, հարմարվելու նոր պայմաններին եւ հաճախ չարիքը բարիքի վերածելու։ Մասնագիտական առումով կան ոչ ծախսատար հնարքներ, որոնցով կլուծվեն շատ հարցեր»,- ասում է Գայանե Իգիթյանը։
Կրթական ծրագրի փորձագետ Մանե Մադոյանը խնդրի կարգավորման մեջ կարեւորում է մարդու գիտակցական որոշում կայացնելու կարողությունը։ Կլիմայի փոփոխությանն առնչվող գործընթացի մեջ ցանկացած մարդու մասնաբաժինն է տեսնում։ Վստահ է, եթե Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուն ասես կլիմայի փոփոխության մասին, կպատկերացնի, որ մեզնից շատ հեռու-հեռավոր մի երկրում օվկիանոսի սառույցներն են հալվում։ Հալվեցին՝ կլցվեն ծովը: «Մենք ծով չունենք»: Կղզիները ջրի տակ կանցնեն: «Մենք կղզի էլ չունենք»,- կմտածի մեզնից յուրաքանչյուրը։ Բայց արի ու տես, որ ընդամենը անցած տարի ամառվա կեսին Գյումրիում հսկայական սառցաբեկորներով հեղեղում եղավ։
«Վերաբերե՞ց դա մեզ, թե՞ ոչ, պատասխանն ակնհայտ է։ Քարաթափումներ, սողանք, ջրհեղեղներ, կարկտահարություն, անարդյունավետ գյուղատնտեսություն եւ այլն․ այս երեւույթները մտել են մեր կյանք կլիմայի փոփոխության պատճառով։ Մեզ պետք է հարմարվել ու գիտակցել, որ միշտ է այսպես լինելու։ Դիմակայելու եւ պատրաստ լինելու համար է մեր այսօրվա դասընթացը։ Մարդկանց ինչ-որ բան ասելու ամենաառաջնային օղակը լրատվամիջոցն է»,- վստահեցնում է Մանե Մադոյանը։
Շատ հաճախ մենք անում ենք այն, ինչ մեր պապիկն էր անում, մեր ընկերն է անում եւ, դրական արդյունք չտեսնելով, մեղադրում ենք բոլորին, բացի մեզնից՝ չգիտակցելով, որ դա կապված է կլիմայի փոփոխության հետ։
«Բա ի՞նչ անենք մենք, ո՞րն է մեր գործոնը, կարո՞ղ ենք խառնվել բնության գործերին». այս եւ բազմապիսի այլ հարցերի պատասխանները սպառիչ կերպով տվեցին դասընթացավարները։
«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ, գիտությունների թեկնածու, բնապահպան Գեւորգ Պետրոսյանն օրգանական աղբն ու ստվարաթուղթը, փուշն ու տերեւը, որը կա՛մ կուտակվում, կա՛մ այրվում է փողոցում, տարիներ առաջ հատուկ տեխնոլոգիայով բիովառելիքի հումք դարձրեց։ Այսօր արդեն մարզում նման երեք արտադրամաս կա։ Երկու հարց է լուծվում միանգամից․ աղբը հավաքվում է շրջակա միջավայրից եւ վերածվում արտանետումներ չունեցող վառելանյութի։
Բնապահպանը վստահ է, որ ուրաքանչյուր մարդ կարող է իր ներդրումն ունենալ կլիմայական փոփոխության հարցում։ Օրինակներ է բերում, որոնք շատ պարզ են ու հասանելի բոլորիս համար․ «Կրճատում ենք ջրի անօգուտ վատնումը, անջատում միջանցքի լույսը։ Անգամ տանտիրուհին կարող է լուսամուտը մաքրելով խնայել էներգիան՝ արհեստական լուսավորության փոխարեն օգտվելով արեւի լույսից։ Վարագույրը հեռացնելով ջեռուցման տաքացուցիչներից՝ կխնայենք ջերմությունը: Կարող ենք վերականգնվող էներգիա օգտագործել էլեկտրաէներգիայի փոխարեն, գազի փոխարեն՝ բիովառելիք»,- լուծման պարզ եղանակներն է թվարկում ոլորտի մասնագետը։
Հանդիպման ավարտին ապագա լրագրողները խոստացան իրենք իրենց եւ կազմակերպիչներին, որ այսուհետեւ կլիմայի փոփոխության հանդեպ կկրեն իրենց բաժին պարտավորությունն ու կիրազեկեն հանրությանը։
Նոյեմբերի 13-14-ին «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. լրագրողական հայացքը» կիրականացվի նաեւ մայրաքաղաքում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։