Արցախի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել երեկ Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի` գործով դեռեւս չպարզված զինծառայողը Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ անցած տարածքից անցել է Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք։ Այնուհետեւ Արցախի բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձեւավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ»,– նշված է Արցախի քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Կրակոցների հետեւանքով Ստեփանակերտ քաղաքի 1998 թվականին ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը, գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում, տեղում մահացել է, իսկ Գեւորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը եւ Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։
Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով (սպանություն) եւ ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ահաբեկչություն) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: