Արցախում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության մեկ տարին լրանալու առիթով ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։
ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու կարեւորությունն ու դեմարկացիային (սահմանազատում) հաջորդող դելիմիտացիայի (սահմանագծում) գործարկումը։
ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ Մոսկվան ամեն կերպ կնպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, կաջակցի Հարավային Կովկասում կայունությունը, անվտանգությունը եւ տնտեսական զարգացումն ապահովելու հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանն ուղղված խաղաղ նախաձեռնություններին։
«Շեշտում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու կարեւորությունն ու դրա հետագա սահմանազատմամբ սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը։ Պատրաստ ենք ցուցաբերելու անհրաժեշտ խորհրդատվական աջակցությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափով ջանքերը շարունակել
ՌԴ ԱԳՆ–ում կարեւոր են համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափով, նախեւառաջ տարածաշրջանի առաջ կանգնած սոցիալ-տնտեսական եւ մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ոլորտային այլ միջազգային կազմակերպությունների ներդրումը։
«Պատրաստ ենք նաեւ ՌԴ մասնակցությամբ աջակցելու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հանրության ներկայացուցիչների երկխոսությանը` հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու նպատակով։ Հանդես ենք գալիս հանուն Հարավային Կովկասի երկրների եւ նրա հարեւանների միջեւ բարիդրացիական հարաբերությունների կառուցման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի եւ ռազմական բոլոր գործողությունների դադարեցումը մեկ տարի առաջ թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանն ու գործարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորման գործընթացը։
Կողմերը գնահատում են ՌԴ խաղաղապահ զորախմբի էական ներդրումը
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կատարվում են։ Միեւնույն ժամանակ կարեւոր է, որ Բաքուն եւ Երեւանը հավատարիմ են դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանն ու անվերապահ պահպանմանը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն իր էական ներդրումն ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։ Դա գնահատում են մեր ադրբեջանցի եւ հայ բարեկամները։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է գերության մեջ պահվող 122 զինծառայող։ Դրանցից Հայաստանին են վերադարձվել 105-ը, Ադրբեջանին` 17-ը։ Միեւնույն ժամանակ ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ»։
1581 տ մարդասիրական բեռ եւ 800 տ շինանյութ, մաքրվել է 2311, 5 հա տարածք, 683 կմ ճանապարհահատված
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում խաղաղ կյանքի ապահովման հարցում։ Տարածաշրջան կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է մատակարարվում (նախորդ տարվա դեկտեմբերից մինչեւ 2021-ի հունիս` 1 581 տ մարդասիրական բեռ եւ 800 տ շինանյութ), տարածքներ են ականազերծվում (2020 թվականի նոյեմբերից ստուգվել է 1937 շենք, մաքրվել 2 311, 5 հա տարածք եւ 683 կմ ճանապարհահատված, հայտնաբերվել ավելի քան 26000 պայթյունավտանգ առարկա)։ Վերականգնվում են ապրելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Տուն է վերադարձել շուրջ 53000 փախստական։
«Շարունակում ենք ջանքեր գործադրել մարդասիրական մյուս խնդիրների արագ լուծման նպատակով, այդ թվում աջակցում ենք բոլոր պահվող անձանց ազատման, անհետ կորածների ճակատագրերը պարզելու, զոհվածների մարմինների փոխանցման եւ ողջ ծավալով ականապատ դաշտերի ճիշտ քարտեզների տրամադրման հարցում։ Արդիական է նաեւ մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության օբյեկտների պահպանումն ապահովելը»։
ՌԴ ԱԳՆ-ում բարձր են գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը` ընդգծելով շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական եւ տրանսպորտային ներուժի բացահայտմանը։