Մեկ տարի առաջ այս օրը կանգնեցվեց Արցախյան վերջին պատերազմը։ Հայաստանը կապիտուլացվեց։ Պատերազմի սխալների մասին շատ խոսվեց։ Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ պատերազմ էր սա։
Նախ ինչո՞ւ այն չէր բռնկվում Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Պատճառը բնավ էլ այն չէր, որ Ադրբեջանը թույլ էր, կամ Թուրքիան չէր մտնի այդ պատերազմի մեջ։ Պատճառն այն էր, որ ռուսներին այդ պատերազմը պետք չէր։ Հենց դա էր Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հիմք տալիս խոսելու մեր բանակի անպարտելիության մասին։ Այսինքն՝ մեր բանակը քննություն չուներ հանձնելու։
Ամբողջ թալանը, որ կատարվեց վերջին 20 տարում, կատարվեց հենց «անպարտելիության» դափնիների հաշվին։ Այսինքն՝ Քոչարյանից ու Սարգսյանից լավ ոչ մեկը չգիտեր, որ այս բանակը պատերազմի դեպքում հաղթելու ոչ մի հնարավորություն չուներ։ 44-օրյա պատերազմի առաջին օրից Հայաստանը դատապարտված էր պարտության։ Երբ Փաշինյանն ասում է, որ ինքը չէր կարող կանխել այդ պատերազմը, չէր խաբում։ Բայց նա իշխանությունը վերցնելիս հագավ այդ «անպարտելիության» ծիրանին ու միայն պատերազմից հետո ընդունեց, որ դա կռվելու բանակ չէր։
Հենց այստեղից էլ սկսվեցին Փաշինյանի խնդիրները։ Նա մեր բանակի «անպարտելիությունը» տարանջատել էր Ռուսաստանի քմահաճություններից, նա չէր ուզում ընդունել, որ Ռուսաստանից անկախ այստեղ պատերազմ չէր բռնկվի, եւ որ այդ պատերազմում նույնիսկ Ռուսաստանի չեզոքությունն է ակտիվ մասնակցության ձեւ։ Ահա ինչու Փաշինյանը հայտարարեց իր մեծագույն հիմարությունը․ «Ես բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից»։
Երբ դու բանակցությունները սկսում ես քո սեփական կետից, ուրեմն գրպանումդ պիտի ատոմային ռումբ ունենաս, որպեսզի մյուսները գոնե ցանկություն ունենան լսելու քո սեփական կետը։ Սեփական կետդ ծիծաղելի վիճակում է դնում Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներին։ Ու դրանից հետո դու ուզում ես, որ նրանք դատապարտե՞ն այդ պատերազմը։
Ռուսաստանը այս պատերազմը նախաձեռնեց, հենց տեսավ, որ Հայաստանում այլեւս չկա ընկալումը, որ արցախյան հարցի լուծման բանալին իր ձեռքում է։ Փաշինյանն իշխանությունը վերցնելուց հետո, որքան էլ սա տհաճ է ասել, պետք է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ խոսեր՝ հասկանալու համար, թե ինչ է ստացել իրենցից ու ինչ մարտահրավերների առաջ է կանգնած։ Բայց երբ դու մտածում ես նրանց նման, ինչի՞ շուրջ խոսես։
Այստեղ հակասություն չկա, երբ ասում եմ, որ Փաշինյանը մտածում էր նրանց նման ու այդքանով հանդերձ ջղայնացնում էր ռուսներին։ Փաշինյանը փոխել էր ռուսների հետ խոսելու լեզուն, նա զիջելու ոչինչ չուներ, քանի որ փոխել էր կառավարման ձեռագիրը՝ փորձում էր միմյանց հակադրել ռուսների հետ խոսելու հռետորաբանությունն ու մեր անպարտելիությունը։ Փաշինյանը մեր անպարտելիությունը դիտարկում էր իր ժողովրդական լինելու շրջանակում։ Այսինքն՝ լեգիտիմությունը դարձրել էր անպարտելիության երաշխիք։ Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը գիտեին, որ ռուսների հետ խոսելու հռետորաբանությունն ու մեր անպարտելիությունը ենթադրում են միմյանց՝ մեր անպարտելիության «պաշտոնական հովանավորը» ռուսներն են։
Հենց այս ամենն էր փորձում լեգիտիմ իշխանություններին հասկացնել նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր՝ Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։ Համենայնդեպս ռուսներն էլ «լուծեցին»։ Ու դեռ ահագին «գործիքներ» ունեն լուծելու։ Քոչարյանը շարունակում է լինել այդ գործիքներից մեկը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: