«Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է. սա պետք է հաղթահարվի։ Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որեւէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինել որեւէ բուհի ռեկտոր, բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախահեղափոխական ելույթն է՝ 2018-ին։
Նախկին պատգամավորը խոստումը կատարել է, միայն թե մասամբ։ Սերժ Սարգսյանն այլեւս մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը չէ։ Այժմ նախագահ է ընտրվել փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ապաքաղաքական բուհի խոստումը դեռ օդում կախված է։
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էլ պաշոտնը ստանձնելիս՝ 2021-ի օգոստոսին, հայտարարել էր, որ համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն, որը զերծ է քաղաքական որեւէ երանգից: «Ես նույնպես ապաքաղաքական եմ, ուստի անելու եմ ամեն ինչ, որ բուհի մթնոլորտը փոխվի»,- նշել էր նա։
ԵՊՀ բազմամյա դասախոս Սերժ Սրապիոնյանն ասում է՝ երեք տարին բավարար էր՝ հասկանալու համար, որ այս մարդիկ ինչ ասում են, հակառակն են անում։ Հիմա մինչեւ արմատ քաղաքականացնում են համալսարանները։ Մայր բուհի մեկ այլ դասախոս Նարինե Դիլբարյանն էլ ընդգծում է՝ ազատության կարգախոսի, ժողովրդավարության գաղափարների ներքո եկան մարդիկ, որոնք փաստորեն ուզում էին շարունակել նույնը՝ պարզապես փոխելով անուն-ազգանունները։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ պարտադրված էին այդ պաշտոնում ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, բայց հավատարիմ են իրենց հայտարարածին, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն։
Դումանյանը նշում է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծով սահմանված է եղել, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում չեն կարող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք լինել։ Օրենքի նախագծի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական։ «Մենք ստիպված, ժամանակ չկորցնելու համար վերադարձել ենք գործող օրենքին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը՝ նշելով, թե նոր դրույթները դրվել են շրջանառության մեջ։
Սրապիոնյանն ասում է, որ միշտ էլ եղել են այս կամ այն կուսակցության անդամ ռեկտորներ կամ դասախոսներ։ Բայց եթե անգամ բուհերը արտաքինից քաղաքականացված էին, ներքուստ դրանց ինքնավարությունն ու ինքնուրույնությունը պահպանվում էին։ Հիմա իրենց ցանկալի անձին բուհի ղեկավար նշանակելու համար փոխում են համալսարանի կանոնակարգը, ընտրում են իրենց ցանկալի հոգաբարձուների խորհուրդ, հետո՝ ցրում․․․
«Ես 40 տարուց ավելի համալսարանում եմ, տեսել եմ նաեւ կոմունիստների ժամանակ եղած գերքաղաքականացված համալսարանը, երբ եթե Կոմկուսի անդամ չէիր, որեւէ պաշտոնի չէիր հասնի, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ Կոմկուսի կենտկոմի քարտուղարները մտնում էին համալսարանի հաշվետու «պլենումին», մեկ ամսից ավելի պատրաստվում էին հնարավոր հարցերին»,- հիշում է Սրապիոնյանն ու ընդգծում՝ համալսարանը թե՛ այն ժամանակ, թե՛ նախկին իշխանությունների օրոք անհամեմատ ավելի ինքնուրույն էր։
Դրանով հանդերձ, եթե «նախկիններն» ամեն ինչ ճիշտ արած լինեին, այսպիսի հակապետական անձնավորություններ չէին հասնի այստեղ, ասում է տասնամյակների դասախոսը։ Այս իշխանություններն էլ հասկացել են, որ առանց այդ կառույցները քաղաքականացնելու իշխանություն պահել չեն կարող։ Բուհերը, դպրոցները, անգամ մանկապարտեզները պետք է իրենց վերահսկողության տակ լինեն։
«Վիրավորական է, որ «յան» վերջածանցով ազգանվամբ մարդիկ կարող են այսքան հեշտությամբ 100 տարվա սարքածը քանդել։ Եթե ԵՊՀ-ն ոտքի չկանգնի, կարող ենք հաշվել, որ այն ապրեց 100 տարի»,- վստահ է Սրապիոնյանը։
Նարինե Դիլբարյանը նշում է, որ բուհերի քաղաքականացման խնդիրը միշտ էլ եղել է բոլորի ուշադրության կենտրոնում։ Այն կուսակցությունները, որոնք հավակնում էին լինել ժողովրդավարության բաստիոնի դերում, միշտ նշում էին, որ բուհերի կուսակցականացումը բերում է բուհերի ինքնուրույնության հիմնարար սկզբունքի, ակադեմիական ազատության ստորադասման եւ տվյալ բուհը նեղ կուսակցական շահերին ծառայեցնելուն։
Այդ քաղաքականացումն էլ սկսվում էր այն պահից, երբ Հոգաբարձուների խորհուրդներում ղեկավար պաշտոն էին զբաղեցնում այն մարդիկ, որոնք տվյալ քաղաքական իշխանության ուղղակի ներկայացուցիչներն էին։
Դասախոսի դիտարկմամբ՝ կուսակցականներ կարող են լինել խորհուրդներում, բայց երբ բուհի գործունեությունը ուղղորդող եւ կազմակերպող մարմինը սկսում է ղեկավարվել քաղաքական իշխանության առաջնային դեմքերի կողմից, ապա միշտ սկսում է ծառայեցվել կուսակցական ուղեգծին, ոչ թե իր հիմնային նպատակին։ Կառավարության անդամներ էլ պետք է լինեն, բայց այն նպատակով, որ իրենց միջոցով բուհի խնդիրները պատվիրակվեն կառավարությանը։
ԿԳՄՍ նախարարի պնդմանը, թե ամենն օրենքի սահմաններում է եղել, Դիլբարյանը հիշեցնում է՝ օրենքն ունի տառ եւ ոգի։ «Զուտ ձեւականորեն կարող է ամեն ինչ ճիշտ լինել, կարող են տառին համապատասխան գործել, ոգուն՝ դեմ»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ այդպիսով ժամանակի ընթացքում իշխանությունը կորցնում է հենարանները։ Հիասթափություն է առաջանում, որը միշտ դիմադրության ալիք է ծնում։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: