ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կորոնավիրուսի համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 9-ը կալանավորվել է։
2021-ի ապրիլից Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են ՔՈՎԻԴ-19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների եւ կաշառքի բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացը, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում, հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ հավաստագրեր եւ դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, որոնց թվում՝ Հայաստան ժամանող ուղեւորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ:
Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող եւ համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ հավաստագիր կամ թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով ստացել են տարբեր չափերի՝ 5 հազարից մինչեւ 40 հազար դրամ կաշառք:
ԱԱԾ-ում եւ Ոստիկանությունում հարուցված 20 քրեական գործերը վերաբերում են Երեւանի եւ Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում պոլիկլինիկաների: Նախնական տվյալներով կեղծ հավաստագրեր է ստացել եւ դրանց հիման վրա «ԱՐՄԵԴ» համակարգում ապօրինաբար գրանցվել կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել ընդհանուր շուրջ 310 քաղաքացի: