ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կարեւոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք ձեւաչափով ուղեւորությունների վերսկսումը դեպի այդ տարածաշրջան։
Զախարովան հիշեցրել է, որ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ 3+2 ձեւաչափով:
«Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, եւ մենք կարեւոր ենք համարում այդ տարածաշրջան համանախագահների լիարժեք ձեւաչափով այցելությունների հնարավորինս արագ վերսկսումը»,- շեշտել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում։ Ռուսաստանն, ըստ Զախարովայի, նաեւ կարեւոր է համարում եռյակի գծով ջանքերը շարունակելն առաջին հերթին տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում:
ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանն ավելի վաղ չէր բացառել մոտ ժամանակներս Արցախի հարցով միջնորդների մասնակցությամբ նոր հանդիպման անցկացումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով: