Կառավարության այսօրվա չզեկուցվող հարցերի փաթեթում էր Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթեր իրականացնելու նախագիծը, որտեղ նշվում է, որ չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022-ի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Քաղավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։
Կառավարությունը որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել «Սյունիք» օդանավակայանին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետեւանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։
«Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն ֆինանսական պարտավորություններ ունի ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես, ունի ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ, հարկեր. ընդհանուր պարտավորությունների գումարը 2021-ի համար կազմել է 49.5 մլն դրամ։ Այս ծախսերը վճարելու համար էլ կառավարությունը գումար կտրամադի օդանավակայանին։
Կապանի՝ խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017-ին։
90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց գնդակոծության ենթարկել օդանավակայանը, ինչպես նաեւ Կապան քաղաքը: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:
ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակում «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել էին 2020-ի դեկտեմբերի 5-ին։
ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պահանջներով` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել էր օդանավակայանի աերոդրոմի հավաստագրման գործընթացը, եւ կոմիտեի նախագահի 2020-ի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է հավաստագիր:
«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում էր շահագործել մինչեւ 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: