Չէ՛, ինչ ուզում եք ասեք՝ կրթության, գիտության (էն մնացածը չթվարկեմ, շատ երկար է, կարճ՝ ԿԳՄՍ) նախարարի հարցում բախտներս չի բերում։ Ահա ներկա նախարարը. գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, բայց որ սկսում է խոսել, գլուխդ ա՛ռ ու փախի՛ր։ Սակայն առայժմ նրա աղքատիկ ու ճապաղ հայերենը մի կողմ դնեմ, որովհետեւ պիտի խոսեմ նրա արտահայտած հակասական մտքերի մասին։
Խոսքը, մասնավորապես, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում պետական պաշտոնյաների եւ քաղաքական դեմքերի ընդգրկմանն է վերաբերում։ Մեկ ասում է՝ «մնում ենք նույն սկզբունքին, որ հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն քաղաքական դեմքեր», հետո, արդարացնելով ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի եւ մյուս պաշտոնյաների նշանակումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, ասում է՝ քանի որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նոր օրենքը, իրենք էլ այսօրվա գործող օրենքի եւ դրա հիման վրա ընդունված ՀՀ Կառավարության 2005 թվականի որոշման (խոսքը ՀՀ Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման մասին է – Մ. Հ.) «շրջանակում են կատարել ամեն ինչ»:
Նախ՝ նախարարը չի ասում, կամ, գուցե, հարմար չի համարում կամ թաքցնում է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ արտաքուստ աննշան, իրականում կարեւոր փոփոխություններ են կատարվել (ուշադրություն)՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելուց մեկուկես ամիս առաջ։ Տեսնենք ինչ փոփոխություններ են դրանք։
Եթե մինչ այս փոփոխությունը գրված էր «Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը)», ապա փոփոխությամբ (հիշեցնում եմ՝ նախկինները չեն մեղավոր, փոփոխությունն ընդունվել է այս տարվա սեպտեմբերի 8-ին) «պետական պաշտոն» բառերից հետո ավելացրել են «եւ պետական ծառայության պաշտոն» բառերը։ Աննշա՞ն է։ Թերեւս։ Սակայն դա հնարավորություն է տվել, որ վարչապետը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ խցկի ոչ միայն պետական պաշտոնյաների, այլեւ իր օգնականին։ Դե, «լրացուցիչ հավատարիմ ձայնը չի խանգարի» սկզբունքով։
Հաջորդը՝ մինչեւ փոփոխությունները կառավարության հիշյալ որոշման մեջ գրված էր. «Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի եւ տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը)»: Փոփոխությամբ՝ «մշակույթի» բառից հետո ավելացել է «սպորտի» բառը։ Եվ սա էլ հնարավորություն է տվել, որ մի այլ կարկառուն ՔՊ-ականի՝ Մխիթար Հայրապետյանին ընդգրկեն հոգաբարձուների խորհրդում, ընդ որում՝ հատուկ ընդգծել են (բռնվեք)՝ «Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»։
Դե, հա, իհարկե, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահը սպորտի ներկայացուցիչ է, բա ուրիշ էլ ո՞նց հիմնավորեին բացի քայլելուց որեւէ այլ բանով աչքի չընկած սույն կարկառուն ՔՊ-ական պարոնի անդամությունը։ Իսկ ինչ պիտի անի նա խորհրդո՞ւմ։ Պարզ է՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Պապիկյանին ընտրելիս համապատասխան կերպով պիտի քվեարկի։
Լա՞վ եք, պարոն սկզբունքային նախարար։ Կարծում էիք՝ դժվա՞ր է տեսնել կառավարության որոշումների հետեւից ցցվող ականջները (ժամանակին մի խելացի փորձագետ է ասել՝ «տվե՛ք ինձ կառավարության ցանկացած որոշում, ասեմ, թե ում օգտին է դա»)։
Հիմա դառնանք հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Սուրեն Պապիկյանի ընտրությանը։
ԵՊՀ կանոնադրությունը, որն, ի դեպ, հաստատել է ՀՀ Կառավարությունը, եւ որում վերջին փոփոխություններն արվել են այս տարվա սեպտեմբերի 9-ին (այսինքն՝ կառավարության վերոհիշյալ որոշման հաջորդ օրը), նշում է (կետ 34).
«Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից) հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։
Հարգելի սկզբունքային նախարար, որտե՞ղ է գրված, որ խորհրդի նախագահը պիտի լինի պետական պաշտոն զբաղեցնող կամ քաղաքական անձ։ Ես մանրադիտակով նայեցի, բառ առ բառ կարդացի, բայց նման բան չգտա։
Արդ, եթե այդքան սկզբունքային եք ու չեք ուզում համալսարանը քաղաքականացնել, ինչո՞ւ է խորհրդի նախագահ ընտրվում կուսակցական գործիչ եւ պետական պաշտոնյա Սուրեն Պապիկյանը եւ ոչ թե չեզոք անձ, ասենք, օրինակ՝ «Մատենադարանի» ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար Գուրգեն Գասպարյանը։
Գիտե՞ք՝ նման հարցերին ինչ է պատասխանում խիստ սկզբունքային նախարարը. «Այդպես ենք նպատակահարմար գտել» (իր խոսքն է, բառացի, ես գիտեմ, որ «նպատակահարմար գտնելը» հայերեն չէ)։
Եվ հիմա իրենց «նպատակահարմարության» շնորհիվ ստացվել է, որ «օրենքի տառին համապատասխան» ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է կարկառուն կուսակցական գործիչ, մի քանի այլ կարկառուններ խորհրդի անդամ են, դե իսկ ռեկտորի ԺՊ-ն էլ (որը, չեմ կասկածում, ռեկտոր «կընտրվի») թեպետ անկուսակցական է, սակայն նախկին գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։
Բա էլ համալսարանի քաղաքականացումը, ինչպես կասեր նախարարի սիրելի առաջնորդը, «հո պոզով-պոչով չի՞ լինում, սա՛ է քաղաքականացումը»։
Շատ սկզբունքային է նախարարը, խոսք չկա։ Պարզապես նրա սկզբունքը մեկն է՝ «օրենքի տառին համապատասխան» վարչապետին հաճոյանալը։
Հ․ Գ․ Այսպիսին է այս իշխանությունը. «օրենքի տառին համապատասխան» ասֆալտապատման մրցույթը շահում է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, «օրենքի տառին համապատասխան» սահմանափակվում է լրագրողների ազատությունը, «օրենքի տառին համապատասխան» անջատում են ընդդիմադիրների (միայն ընդդիմադիրների) խոսափողը, «օրենքի տառին համապատասխան» էլ ադրբեջանցիները մեր ճանապարհներին մաքսակետեր են դնում։ Էսքանից հետո ի՞նչ մի դժվար բան է «օրենքի տառին համապատասխան» ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելը։ «Պադումայե՜շ», բան եք գտել քննադատելու։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։