Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Երկրում Քովիդ-19-ից գրանցված մահացության ցուցանիշը բավական բարձր է։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Հայաստանը մերձավոր արտասահմանի երկրների թվում երրորդն է կորոնավիրուսի բարդացումներից գրանցված մահացության ցուցանիշով՝ 220,9՝ 100000 մարդու հաշվով։
«Հակավարկանիշի» առաջին հորիզոնականում է Մոլդովան՝ 312, երկրորդ տեղում` Վրաստանը՝ 284։ Ռուսաստանը մերձավոր արտասահմանի երկրների թվում 8-րդ տեղում է՝ 184,3: Ադրբեջանը եզրափակում է տասնյակը՝ 71,1:
70 մահ՝ 1 օրում
Նոյեմբերի 12-ի՝ 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, 2044 առողջացած, 70 մահվան դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326830 դեպք, որոնցից 289 900 առողջացած, 6937 մահվան դեպք, այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 1368:
Փաստացի բուժվում է 28625 բուժառու: Կատարվել է 11 431 թեստավորում, ընդհանուր՝ 2227063 թեստավորում:
Հայաստանում 2020-ի մարտի 16-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այնուհետեւ երկրում կարանտին հայտարարվեց, որը երկարաձգվել է մինչեւ 2022-ի հունիսի 20-ը։ Դիմակ դնելը հանրապետությունում պարտադիր է։
Իշխանությունները բնակչությանն ակտիվորեն հորդորում են պատվաստվել։