Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի Ասկերանի շրջանի հարավ-արեւելքում՝ Խաչեն գետի աջ ափին, դեռեւս մ.թ.ա. 1-ին դարում կառուցված Տիգրանակերտը եւս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգել է, որ ադրբեջանցի հեռուստալրագրող Seadet Memmedova-ի յութուբյան ալիքում 2021-ի հոկտեմբերի 31-ին տեղադրված տեսանյութում առանձնակի հպարտությամբ ներկայացվում է, որ Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածվել է խորովածանոցի:
Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել եւ խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը՝ հենց պեղված ջրավազանի եզրին։
Խորհրդային տարիներին ադրբեջանցիները ռեստորանի էին վերածել 18-րդ դարի կեսերին աղբյուրների հարեւանությամբ կառուցված ամրոցը: Այնպես որ, պատմամշակութային միջավայրը քյաբաբնոց դարձնելու պրակտիկան հին ավանդույթ է:
2010-ից ի վեր՝ մինչեւ վերջին պատերազմը, ամրոցում տեղադրված էր Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, իսկ արքայական աղբյուրների պուրակի տարածքը բարեկարգվել եւ ծառայում էր որպես մշակութային միջոցառումների հարթակ:
Տիգրանակերտի արքայական պուրակը խորովածանոցի վերածելով՝ Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությանն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված մի շարք սկզբունքներին, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994-ին Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաեւ ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդունված փաստաթղթից եւ այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:
Բացի դրանից, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածի եւ ըստ լրացուցիչ՝ 1999-ի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի, արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաեւ դրա օգտագործման ձեւի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:
Խաթարելով ժառանգության իրական ավանդույթը՝ Ադրբեջանը խախտում է նաեւ 2001-ի «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» եւ 2005-ի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։
Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները՝ անկախ դրանց ծագումից ու գործառույթից։