Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրույցի ընթացքում Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան։
«Ես խնդրել եմ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ թողնել մորը, հարազատներին, ինչպես նաեւ ուկրաինացի բժիշկներին»,- թվիթերյան գրառմամբ հայտնել է Ուկրաինայի նախագահը։
Վրաստանի երրորդ նախագահը հայրենիքում ձերբակալվել է ավելի քան մեկ ամիս առաջ եւ հացադուլ սկսել։ Երեկ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե համաձայն է դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։ Վրաստանի իշխանությունները մերժել են նրա պահանջը: