Ստամբուլում, նոյեմբերի 12-ին՝ Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի նախօրեին, անցկացվել է Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովը:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն համաժողովում իր ելույթում հայտնել է, որ Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը: Հնգամյա կտրվածքով ընդունվելու է քայլերի կիրարկման մասին փաստաթուղթ: Առաջին անգամ նման փաստաթղթի ընդունում առաջարկվել է 2022-ի առաջին եռամսյակում:
Անդրադառնալով թյուրքական աշխարհի միությանը եւ միասնականությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ այդ համատեքստում պետք է ամրապնդել թյուրքախոս երկրների տնտեսական հարաբերությունները:
Խորհրդի անդամ երկրների տնտեսությունները միմյանց կապելու տեսանկյունից Չավուշօղլուն ընդգծել է բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
«Կասպից ծովով անցումն այս գործում զգալի ներդրում կունենա: Դրանից առավելագույն օգուտը քաղելու համար մենք պետք է ավելի ազատականացնենք մեր երկրների միջեւ առեւտուրը»,- նշել է Թուրքիայի արգտգործնախարարը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ այս գործընթացում մեծ աշխատանք ունեն անելու անդամ երկրների արտգործնախարարությունները: Նա պնդել է, թե շատ կարեւոր է, որ հնարավորինս շուտ ստորագրվի «Միջազգային բեռնափոխադրումների պայմանագիրը»: