Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Ստամբուլում՝ Թյուրքական երկրների համագործակցության համաժողովում, կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ալիեւը հայտարարել է, թե ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է տարածաշրջանային հաղորդակցության միջոցների եւ ենթակառուցվածքների զարգացում, եւ որ այդ տեսանկյունից կարեւոր է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
«Դա լայն հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար, այդ միջանցքը շատ լավ ներուժ ունի եւ կմիավորի Թյուրքական աշխարհի բոլոր երկրները՝ մեզ միացնելով Եվրոպայի հետ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չեն քննարկել եւ չեն քննարկելու։
Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախսստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի անդամակցությամբ Թյուրքալեզու երկրների խորհուրդը, որն այսուհետեւ կկոչվի Թյուրքական պետությունների կազմակերպություն, հիմնադրվել է 2009-ին Նախիջևանի համաձայնագրով: Այսօր Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակի մերձակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ բացվեց կազմակերպության գրասենյակը: Ստորագրվեց նաեւ կառույցի տեսլականն ու ապագա քայլերը ուրվագծող «Թյուրքական աշխարհ 2040» փաստաթուղթը: