Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ Վրաստանի եւ Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ զորավարժությանը մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցիխեի դիվիզիայի 25-րդ բրիգադի եւ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի մարտավարական խմբերը։
Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ համատեղ վարժանքների նպատակը երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների միջեւ ցամաքային սահմանի պաշտպանության ոլորտում փորձի փոխանակումը եւ սահմանային անվտանգության հարցերում համակարգված գործողությունների կատարելագործումն են։
Զորավարժությունների շրջանակում սահմանապահները բարելավել են սահմանային միջադեպերին արձագանքելու եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու կարողությունները: Սցենարով երկու իրավիճակ էր նախատեսված՝ անօրինական ներգաղթյալների կալանավորում եւ պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների մաքսանենգության կանխարգելում։
Վրաստանի ՆԳՆ-ն նշել է, որ համատեղ վարժանքներն անցկացվել են 2021-ի Թուրքիա-Վրաստան երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակում։ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ նման դասընթացներ անցկացվում են պարբերաբար՝ երկու տարին մեկ անգամ։