Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգեւոր, կրոնական որեւէ վտանգ չի տեսնում։
Գերագույն հոգեւոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խոր մտահոգությամբ եւ ցավով արձանագրել է վարակվածության ցուցանիշների եւ դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։
Գերագույն հոգեւոր խորհուրդը վերահաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգեւոր վտանգ չի ներկայացնում։
Կարեւորվել է, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական եւ այլոց կյանքերը։
Գերագույն հոգեւոր խորհուրդը բարձր է գնահատել բժիշկների եւ բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։
Գերագույն հոգեւոր խորհուրդն անհրաժեշտ է համարել նաեւ, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության եւ հետեւանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ժողովը վերստին կոչ է արել պահպանելու կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար։