«Հայաստան ծառ» ծրագիրը (Armenia Tree Project) առաջիկա ամիսներին պատրաստվում է տնկելու յոթմիլիոներորդ ծառը Հայաստանում: Մինչ այդ, սակայն, ծրագրի ներկայացուցիչները երկու շատ կարեւոր գործ են ձեռնարկում:
Գլենդելում գործող Թուֆենկյան արվեստի պատկերասրահի բակում «Հայաստան ծառ» ծրագրի դրամահավաքի մասնակիցները հայ համայնքի անդամներն են: «Արվեստ, ծառ եւ գինի. երեքն էլ շատ կարեւոր են Հայաստանի համար»,- ասում է պատկերասրահի տիրուհին՝ Քերոլայն Լայիս Թուֆենկյանը։ Նա պատրաստվում է նկարների օրվա վաճառքից գոյացած գումարի 25 տոկոսը նվիրաբերել ծրագրին:
«Հայաստան ծառ» ծրագրի նպատակն ավելի քան արդիական է: Երեկոյի ընթացքում հավաքված հասույթով Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանի հիսուն ընտանիք կկարողանա ստեղծել ջերմոցային տնտեսություն եւ աճեցնել սեփական բերքը:
2020 թվականի Արցախյան պատերազմի հետեւանքով այս ընտանիքները շատերի նման կորցրել են իրենց գյուղատնտեսական տարածքները: Ջերմոցները գծագրել են Վորչեստերի (Մասաչուսեթս) պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները, կառուցվելու է բացառապես տեղական նյութերով եւ աշխատուժով, իսկ «Գրին Լեյն» կազմակերպությունը կօգնի ֆերմերներին բարձրացնել բերքի արդյունավետությունը, փաթեթավորել այն եւ պատրաստել վաճառքի:
Ծրագրի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը վստահ է, որ այսպիսով ընտանիքները կկարողանան մնալ եւ ապրել Արցախում. «Ես Արցախում էի սեպտեմբերի վերջին եւ հանդիպեցի քսանմեկ ընտանիքի հետ: Նրանք բոլորն էլ շատ ոգեւորված էին ստեղծված հնարավորություններով»:
«Հայաստան ծառ» ծրագիրը նախատեսում է նաեւ տնկարան հիմնել Ստեփանակերտում: «Մենք արդեն ունենք երեսուն տնկարան Հայաստանում, բայց ոչ Արցախում: Արդեն իսկ կարողացել ենք առանձնացնել երկու հեկտար տարածք ծառատունկի համար: Մոտակա գետից եկող ջրատար խողովակը վնասված է, սակայն արդեն որոշել ենք աշխատել տեղացի մասնագետների հետ եւ նորոգել ենթակառուցվածքները՝ այդպիսով ապահովելով կայուն ջրամատակարարում»,- համոզված է Փափելյանը:
2022-ին արդեն կազմակերպությունը նախատեսում է ունենալ գործող տնկարան բերքատու եւ դեկորատիվ ծառերով:
«Հայաստան ծառ» ծրագրի անդամներից շատերը մասնակցել են պատերազմին: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չեն եղել: Մինչդեռ հիմնված քառասուներկու համայնքային կանաչապատ տարածքներից տասնչորսն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանք հիմնականում զորամասերի տարածքում էին:
Ջինմարի Փափելյանն ասում է՝ ծրագրի գործունեության ընթացքում հիմնական խնդիրը եղել է հեռավորությունը. «Մենք միշտ երազել ենք մասնակցել անտառատնկման աշխատանքներին Արցախում, բայց հեռավորության պատճառով չենք կարողացել դա իրականացնել»:
Նա վերջերս է խոսել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ եւ պատրաստակամություն հայտնել օգնելու վերականգնել անտառային այն տարածքները, որոնք վնասվել են պատերազմի հետեւանքով:
«Հայաստան ծառ» ծրագիրը ստեղծվել է 1994-ին Արցախյան առաջին պատերազմից անմիջապես հետո, երբ տնտեսական ճգնաժամի հետեւանքով հատվել էր մոտ երեք միլիոն ծառ: Հայ-ամերիկյան ասամբլեայի նախագահ Քերոլայն Մուգարը, գալով Հայաստան, որոշում է հիմնել «Հայաստան ծառ» ծրագիրը եւ հնարավորինս վերականգնել կորցրած կանաչ տարածքները:
Անահիտ Ղարիբյանը ծրագրի առաջին աշխատակիցներից էր։ Համակարգում էր հասարակայնության հետ կապերն ու համայնքային ծրագրերը: «Մենք սկսեցին երկուսով՝ ես եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շրջանավարտ։ Նա ֆինանսական գործառնություններով էր զբաղվում»,- հիշում է Անահիտ Ղարիբյանը:
Առաջին առաջադրանքը՝ Հայաստանի տարածքում տնկել հիսուն հազար ծառ, երկուսի համար թվում էր անհնարին: Ժամանակի ընթացքում բազմաթիվ կամավորներ են ընդգրկվում ծառատնկման աշխատանքներում: Այժմ արդեն ծրագիրն ունի 88 մշտական եւ 150 սեզոնային աշխատակից:
Ծառատունկերն իրականացվում են հանրային տարածքներում: Առաջինն իրականացվել է Նորքի տուն-ինտերնատում: Դրանցից ամենակարեւորը Անահիտ Ղարիբյանի համար զինվորական տեղամասերն են. «Երբ առաջին անգամ գնացինք այնտեղ, տեսանք անապատային պայմաններ. անգամ մի ծառ չկար, որի ստվերում երեխաները կարողանային նամակ գրել: Ախր նրանք մեր երեխաներն են»,- ասում է նա:
Տեղափոխվելով ԱՄՆ՝ Անահիտ Ղարիբյանը շարունակում է աշխատել ծրագրի հետ որպես Հարավային Կալիֆոռնիայում համայնքային կապերի պատասխանատու:
Մինչ Անահիտ Ղարիբյանը պատմում է կատարված աշխատանքների մասին, նրա դուստրը՝ Անուշ Ղարիբյան Օ’ Քաները, «Գինիֆեստ» ամենամյա հայակական գինիների փառատոնի տնօրենը, ներկայացնում է հայկական գինի արտադրող «Աղաջանյան Վայն» եւ «Արմաս» ընկերությունները, որոնք նույնպես օժանդակում են դրամահավաքին։
Օրվա վերջում նվիրատուների անուններով տերեւները տեղավորվում են ծրագրի հատուկ պաստառին՝ ջերմոցների ու տնկարանի տեսլականը դարձնելով առավել քան իրական: