Այսօր երեկոյան թուրքական «Tet Ajanda» ինստագրամյան հարթակն ուղիղ եթերում հյուրընկալելու է Պոլսո «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին, որը ներկայացնելու է պոլսահայ մամուլի այսօրվա դժվարությունները:
Ինչպես «Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ Արա Գոչունյանից, նա մասնավորապես խոսելու է տպագրվող հայկական թերթերի մեջ ամենահին օրաթերթի՝ «Ժամանակ»-ի մասին, որը վերջին շրջանում աննախադեպ դժվարությունների առջեւ է կանգնել:
Հիմնվելով 1908 թվականին եւ երբեք չընդհատելով տպագրությունը՝ «Ժամանակ» օրաթերթը Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության մեջ բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել, սակայն այսօր, ըստ Գոչունյանի, կանգնած է անդունդի եզրին:
Թերթի՝ հոկտեմբերի 28-ի խմբագրականում նա գրել է. ««Ժամանակ» օրաթերթն այսօր թեւակոխում է իր հիմնադրման 114-րդ տարին։ Սա կարծես թե այս թերթի պատմության ամենատխուր տարեդարձն է, որովհետեւ կարող է վերջինը լինել։ Ծանր տագնապի պայմանները, փոթորկալի երկարատեւ շրջանն անդունդի եզրին են բերել հայ մամուլի նահապետին։ Մտահոգ ենք խորապես»։
Խմբագրականը կարդալուց հետո Պոլսում հայտնի ինստագրամյան բլոգեր Շահնուր Գազանջին Գոչունյանին հրավիրել է հարցազրույցի, որի ընթացքում ներկայացնելու է նաեւ պոլսահայ մյուս թերթերի վիճակը՝ կրճատվող տպաքանակներից մինչեւ աշխատակիցների խնդիր եւ այլն:
Ինչ վերաբերում է «Ժամանակ»-ին, ըստ Արա Գոչունյանի, թերթը ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նաեւ պոլսահայ համայնքի ազգային-եկեղեցական ինչ-ինչ հարցերի պատճառով՝ դառնալով որոշ «վարչայինների աչքի փուշը», քանի որ փորձել է անկախ մնալ եւ չհարել համայնքում առաջացած այս կամ այն բեւեռին: Ըստ այդմ կրճատվել են թերթին տրվող գովազդները, հակաքարոզչություն է սկսվել թերթի դեմ, եւ այդ պայմաններում, ըստ խմբագրի, «Ժամանակ»-ի ապագան հարցականի տակ է:
«Թուրքիայի հայության վերջին տագնապները պատճառ են դարձել պառակտումների եւ բեւեռացումների։ Համայնքում մարդիկ համատարած իրարից օտարացած եւ իրար դեմ թշնամացած են։ Սա ուղեկցվել է պիտակավորումներով, մեղադրանքներով ու զրպարտություններով։ Յուրաքանչյուր բեւեռ ցանկացել է ծնկի բերել մյուսին, ամեն ճամբար՝ ոչնչացնել մյուսին։ Այս ողբերգական իրավիճակում չեն խնայվել հավաքական շահերը, անտեսվել է միասնականություն պահելու հրամայականը։ Երկար շարունակված այդ ճգնաժամի ընթացքում «Ժամանակ»-ն այդ բեւեռներից որեւէ մեկին չի պատկանել, փորձել է մնալ անկախ ու միշտ ցույց է տվել համերաշխության ու ներդաշնակության, հավաքական պատասխանատվության ճանապարհը։
Շատ վարչայիններ սկսել են նեղություն զգալ այս թերթի գոյությունից, որովհետեւ նրա հայելիից արտացոլվել են իրենց անգործությունն ու ամլությունը։ Ընդհանրապես, մարդիկ որքան հեռանում են ժառանգությունից, կտրվում են լեզվից, կարծես այնքան ավելի են թշնամանում հայկական թերթին: Մարդիկ, որոնք այս համայնքի հավաքական հարստությունն են տնօրինում, որոշել են թաղել այս թերթը, որ անկախ ու անաչառ մնալու համար համառում է, իրենց վերահսկողությունից դուրս է մնում, չի գնվում ու չի հանձնվում։ «Ժամանակ»-ի դեմ հաշվեհարդար է սկսվել. ահա՛ մեր անկախ մնալու ձգտման, անհրաժարելի սկզբունքի ծանր փոխարժեքը»,- ահազանգում է Արա Գոչունյանը՝ նշելով, որ փակման վտանգի առջեւ գտնվող պատմական թերթը ոչ միայն այսօր տպագրվող հայերեն թերթերից է ամենահինը, այլեւ Թուրքիայում տպագրվող օրաթերթերի մեջ է ամենահինը եւ ընդհանրապես, աշխարհի փոքրամասնության թերթերի շարքում էլ ամենահինն է: Եղել են ավելի հին թերթեր, որոնք փակվել են, սակայն «Ժամանակ»-ը կարողացել է անցյալ դարասկզբից հասնել մեր օրեր:
«Ժամանակ»-ը հիմնել են Միսաք եւ Սարգիս Գոչունյան եղբայրները 1908-ին: Տարբեր տարիների թերթին աշխատակցել են Երվանդ Օտյանը, Զաբել Եսայանը, Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Երուխանը, Զավեն Պիպեռյանը, Զահրատը, Արա Գյուլերը եւ այլ հայտնի անուններ: Այսօր Թուրքիայում լույս են տեսնում նաեւ «Նոր Մարմարա» օրաթերթը, «Ակօս» շաբաթաթերթը, «Լրաբեր», «Շողակաթ» պարբերականները, հայկական հիվանդանոցի «Սուրբ Փրկիչ» ամսաթերթը, «Ժպիտ» մանկական հանդեսը, «Փարոս» ամսաթերթն ու «Լոյս» թուրքերեն (փոքր հայերեն բաժնով) երկշաբաթաթերթը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։