Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ այսօր առավոտյան հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով փակվել, այնուհետեւ բացվել է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը:
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն էլ հայտնել է, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին` Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Հայկական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, որ նոյեմբերի 8-ին ադրբեջանցու կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է նռնակ նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները հայկական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական Telegram ալիքները հայտնել են նռնակը նետած տղամարդու ձերբակալության մասին։
Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ դեպքի հետեւանքով Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ եւ տուժածներ չկան։
Արցախի իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ: