Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ ամեն տարի նոյեմբերի 13-ին նշվում է կույրերի միջազգային օրը: Օրը պատահական չի ընտրվել. 1745 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հանրահայտ ուսուցիչ Վալենտին Հայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություն:
Այսօր Հայաստանում ոչ պաշտոնապես մոտ 10 հազար չտեսնող մարդ կա։ Բավական մեծաթիվ համայնք, որն ունի առայժմ անհաղթահարելի թվացող խնդիրներ։
«Խնդիրները շատ-շատ են: Խորհրդային տարիներից հետո խնդիրները տասնապատկվել են,- ասում է Սոկրատ Շահնազարյանի անվան Կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը։- Նախկինում գոնե նման խնդիր ունեցող մարդիկ աշխատում էին գործարաններում, կրթվում մշակութային օջախներում: Սակայն հիմա նրանք տանը նստած են, տեղաշարժը սահմանափակված է։ Առաջ տաքսիներից բացի տրանսպորտի այլ միջոցները նրանց համար անվճար էին: Նախկինում նման խնդիր ունեցող մարդն աշխատավարձից բացի 120 ռուբլի թոշակ էր ստանում, եւ դա այն դեպքում, երբ տնօրեններն էին 250 ռուբլի աշխատավարձ ստանում: Իսկ այսօր աչազուրկ մարդու թոշակը մոտ 26 հազար է, մի՞թե հնարավոր է դրանով ապրել»:
Քաղաքի ծայրամասերից գրեթե անհնար է դարձել նրանց մասնակցությունը մշակույթի տան աշխատանքներին: Գումար է անհրաժեշտ, որ կույր մարդն իր ուղեկցողի հետ մշակույթի տուն այցելի: Տեղաշարժման խնդիրներից մեկն էլ ձայնային համալրում ունեցող լուսակիրների սակավությունն է։
Այս խնդրի մասին խոսում է 18-ամյա Հովհաննեսը. «Ես ի ծնե կույր եմ, երբեք չեմ տեսել, բայց ամերիկացի բժիշկներն ասել են, որ 21 տարեկանում գուցե հնարավոր լինի ինձ վիրահատել: Հայաստանում ինձ համար շատ դժվար է քաղաքում տեղաշարժվելը: Օրինակ՝ երբ գնում եմ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ, ինձ ուղեկցում է մայրիկս: Բայց վատ եմ զգում, որ այս տարիքում մայրիկի օգնությամբ եմ գնում: Այստեղ լուսակիրները հիմնականում ձայնային չեն, որ ես կարողանամ անցնել փողոցը, ոչ էլ տրանսպորտն է բրալյան այբուբենով, որ հասկանամ՝ որ համարն է։ Չկան նաեւ տրանսպորտի խոսող միջոցներ, որոնք կհայտնեն հաջորդ կայարանը»:
Հովհաննեսը «Կույր ֆուտբոլ» թիմի անդամ է: Մոտ երկու տարի է՝ Հայաստանում ձեւավորվել է առաջին թիմը։ Այստեղ բացարձակ չտեսնող ու թույլ տեսնող մարզիկներն օգնում են մեկմեկու հաղթահարելու խնդիրներն ու պատրաստվում միջազգային մրցումներին։ Օրերս Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի «Կույր ֆուտբոլի» ընկերական մրցաշարը։
«Կույր ֆուտբոլ» թիմի ավագ Ալլա Սահակյանը, ով սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ եւ ներառական կրթության ֆակուլտետի տիֆլոմանկավարժության բաժնում, մեզ հետ զրույցում խոսեց տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կրթական խնդիրներից. «Հայաստանում այսօր հաշմանդամություն եւ մասնավորապես տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Մենք անցել ենք ներառական կրթության, բայց շատ դպրոցներ պատկերացում չունեն ինչպես աշխատել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Հայաստանում միայն Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցն է բրալյան գրություն սովորեցնում»:
Առհասարակ, մեր կրթական համակարգում՝ թե՛ համալսարաններում, թե՛ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, խնդիր ունեցող անձը չի կարող բրալյան համակարգով գիտելիք ստանալ: Ալլան մանկավարժական համալսարանում դա կարողանում է անել էլեկտրոնային եղանակով:
Ալլային համակարծիք է Հովհաննեսը։ Նա ասում է, որ Հայաստանում նման խնդիր ունեցող մարդիկ անգամ տետրերի կարիք ունեն, որովհետեւ մեզ մոտ չեն վաճառվում: «Ես իմ դասերը հիմնականում ծնողիս օգնությամբ եմ սովորում կամ էլ ձայնագրում եմ ուսուցչիս խոսքը: Տեսողության խնդիրներ ունեցողների համար տետրեր ու գրքեր գնում ենք հիմնականում արտասահմանից: Մենք այդ տետրերը գնել ենք Մոսկվայից: Լավ կլիներ, որ զարգացած լիներ հեռավար կրթությունը, որպեսզի համակարգչով հնարավոր լիներ սովորել»։
Զրույցների ընթացքում համոզվեցինք՝ հայ հասարակությունը գրեթե իրազեկված չէ:
44-օրյա պատերազմում տեսողությունը կորցրած Արտյոմ Ծատուրյանն ասում է` լավ կլիներ, որ մարդիկ տեղյակ լինեին տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված ամենապարզ բաներին. օրինակ՝ իմանային, թե ինչի համար են սպիտակ կամ սպիտակ-կարմիր ձեռնափայտերը։ Մեքենաները հաճախ ազդանշան են տալիս՝ չհասկանալով, որ անցորդը խնդիրներ ունի։
2010 թվականից Հայաստանում ուժի մեջ է մտել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ: Բայց Հայաստանը, ցավոք, դեռ շատ հեռու է նրանց համար ապրելու հարմարավետ վայր լինելուց։