Այսօր լրացավ Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակը, եւ հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց տարբեր գերատեսչությունների տարբեր տրամաչափի գործիչներին, քանի որ ի պաշտոնե ստիպված են կատարել վերադասի շրջաբերականը, որ ամփոփված է մի բառի մեջ՝ «չքաղաքականացնե՛լ»:
Չգիտես՝ ինչ բառերով արտահայտես զգացողությունդ. երբ հայացքդ սահեցնում ես պետական դոտացիայով սնվող գործակալության նոյեմբերի 13-ի օրացույցի պարբերություններով ու չես գտնում Վանո Սիրադեղյանի անունը: Այսօրվա՝ 2021-ի նոյեմբերի 13-ի օրացույցում այդ անունը պարզապես չկա։ Չկա ու վերջ:
Փոխարենը պետական գործակալությունը չի մոռացել նշել, որ 354 թվականի նոյեմբերի 13-ին ծնվել է Օգոստինոս Երանելին`աֆրիկյան ծագմամբ հռոմեացի վաղ քրիստոնեական աստվածաբան եւ փիլիսոփա Նումիդիայից։ Ինքնիշխան պետության գլխավոր լրատուն հիշել է, որ 1810-ի նոյեմբերի 13-ին ծնվել է ռուս վիրաբույժ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը: Առանձնակի դաժանությամբ ուշադրություն է հրավիրել ճակատագրական այն փաստի վրա, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին է ծնվել հայ հեղափոխական բոլշեւիկ Անաստաս Միկոյանը: Օրվա խորհուրդը ճոխացնելու համար Լորիս Ճգնավորյանի ծննդյան օրը 1937-ի հոկտեմբերի 13-ից տեղափոխել է նոյեմբերի 13:
Բայց ավելի ազնիվ չէր լինի՞, եթե իշխանությունը ստեղծեր «նոյեմբերի 13-ն օրացույցից վերացնելու» հանձնաժողով՝ ի շահ գորշության եւ հանուն ճահճի կայունության: Տեղը դատարկ չէր մնա, կնշվեր որպես հակաանկախության օր։
Հիշո՞ւմ եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1998-ի իր հրաժարականի դրդապատճառ էր համարում մի երեույթ, որն այսօր հանգիստ կարելի է նույնացնել Վանո Սիրադեղյանի անձի անտեսման՝ արդեն պետական քաղաքականության հետ. «Խնդիրը շատ ավելի խորն է՝ կապված պետականության հիմնադրույթների հետ»:
Ռոբ Մանուկյան