ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հերքել է մամուլի հրապարակումները, ըստ որոնցէ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ եւ Որոտան գյուղերի միջեւ կապն իրականում չի դժվարացել։
«Մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաեւ այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված)»,– գրում է ՄԻՊ–ը:
Թաթոյանը, տեսանյութը մեկնաբանելով, նշել է, որ այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության եւ հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ:
ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ:
Բացի դրանից, ըստ Պաշտպանի, տեսանյութը հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որեւէ հիմք:
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանցիների տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները:
Նա միաժամանակ արձանագրել է, որ տեղական մարմինները, սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար։