Ըստ ճապոնական «Կիոդո» գործակալության՝ Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել: Այս սեզոնին սա թռչնագրիպի արդեն երկրորդ բռնկումն է Ճապոնիայում։ Առաջինը տեղի էր ունեցել այս շաբաթ երկրի հյուսիսում՝ Ակիտա պրեֆետկուրայում։
Կագոսիմա պրեֆեկտուրայի թռչնաֆաբրիկայում սատկած մի քանի թռչուն է հայտնաբերվել։ Գենետիկական հետազոտությունները բարձր պաթոգեն H5 թռչնագրիպի առկայություն են ցույց տվել։
Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել թռչնաֆաբրիկայում ոչնչացնել 143 հազար թռչուն: Ֆերմայի շուրջ երեքկիլոմետրանոց գոտու շառավղով հավերի եւ ձվերի տեղափոխման կարանտին կսահմանվի: Միաժամանակ կարգելվի հավի եւ ձվի արտահանումը գոտուց դուրս 10 կիլոմետր շառավղով։
Նախորդ՝ 2020-ի աշնան — 2021-ի գարնան սեզոնին թռչնագրիպի բռնկումը ամենազանգվածայինն էր դարձել երկրի պատմության ընթացքում։ Հիվանդությունը գրավել էր պրեֆեկտուրաների մոտ մեկ երրորդը, ավելի քան 50 տնտեսությունում մոտ 10 միլիոն հավ է ոչնչացվել։