Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե ԱՄՆ իշխանությունները ծայրաստիճան մտահոգված են լեհ-բելառուսական սահմանի իրավիճակի կապակցությամբ: Այստեղ մի քանի հազար ներգաղթյալներ, հիմնականում Իրաքից եւ Սիրիայից, փորձում են ապօրինի կերպով մտնել Եվրամիության տարածք:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնն իր մտահոգությունները փոխանցել է ե՛ւ Բելառուսին, ե՛ւ Ռուսաստանին։
Արեւմտյան Եվրոպայի երկրները խստորեն դատապարտում են Բելառուսի իշխանություններին՝ պնդելով, թե Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արեւելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, այնուհետեւ նրանց ուղղորդում ԵՄ սահման:
Վերջին ամիսներին Լեհաստանը, ինչպես նաեւ Լիտվան եւ Լատվիան, հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Լուկաշենկոն ընդգծել է, թե, հաշվի առնելով Բելառուսի վրա Արեւմուտքի ճնշումները, պետք է մտածել՝ արժի՞ դա շարունակել:
Ավելի վաղ Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին` Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, արգելափակված էին մնացել մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք անօրինականորեն փորձել էին Բելառուսից անցնել Լեհաստան:
Երրորդ երկրների, նախեւառաջ Իրաքի քաղաքացիների հոսքը դեպի Լիտվա մեծացել էր այս տարվա հունիսին, երբ ԵՄ սահմանած պատժամիջոցներին ի պատասխան Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե պաշտոնական Մինսկն այլեւս նույն աչալրջությամբ չի վերահսկելու իր տարածքով անցնող ներգաղթյալների հոսքը։