Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 17 ներկայացուցիչ Պատրիարք Սրբազան հորն առաջարկում են չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այս տարվա հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սեւան Ղարիբյանը եւ անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին, որտեղ գործարարը նախատեսում է հյուրանոց կառուցել։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի 17 ներկայացուցչի ստորագրած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որեւէ համաձայնագիր չի քննարկվել եւ չի վավերացվել միաբանության ժողովների ժամանակ։
Պատրիարքարանի ներկայացուցիչները պահանջել են պաշտոնից հեռացնել գործարքի չեղյալ հայտարարելուն ամեն կերպ խոչընդոտող Տ. պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանին։
Ըստ պատրիարքարանի ներկայացուցիչների՝ հյուրանոց կառուցելու ծրագրի մասին 12 տարի խոսվել է տնօրենների ժողովներում եւ իրենց՝ իբրեւ տնօրենների ժողովի անդամների, ժողովների ժամանակ հյուրանոց կառուցելու մասին երբեք որեւէ առաջարկ չի արվել:
Նրանք ընդգծել են, որ համաձայնագիրն ուսումնասիրելուց հետո հարցը պետք է քննարկվեր տնօրենների ժողովում, այնուհետեւ դրվեր քվեարկության։ Մեծամասնության քվեն ստանալուց հետո միայն համաձայնագիրը կհամարվեր վավերացված։
Պատրիարքարանի ներկայացուցիչները կարեւորել են նաեւ, որ համաձայնագրի ստորագրմամբ խախտվում է տասնամյակներ շարունակ պատրիարքության որդեգրած մի սկզբունք` որեւէ կալվածք վարձակալության հանձնելու դեպքում նվազագույնը 3 առաջարկություն ընդունել եւ դրանցից առանձնացնել ամենահարմարը`ստորագրության համար։
«Նախկինում նաեւ նշվել է, որ համաձայնագիրը ստորագրվել է «պատրիարքական հեղինակությամբ»։ Այս բառակապակցությունը նոր եւ շինծու արտահայտություն է, որ առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կանոնադրությունը հստակ սահմանում է, որ «Սրբոց Հակոբյանց միաբանության վարչությունը հանձնել է Երուսաղեմի պատրիարքին, որը գործում է համաձայն կանոնադրության»»,– նշել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները։
Նրանք ընդգծել են, որ Սուրբ աթոռի կալվածքների կալվածատերը միաբանությունն է, իսկ վարձակալը գործ ունի պատրիարքարանի հետ։ Հետեւաբար միայն պատրիարքի ստորագրությամբ որեւէ կալվածք վարձակալության չի կարող տրվել։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 17 ներկայացուցիչներն ընդգծել են, որ տարածքը պատրիարքարանի, վարժարանի եւ դպրոցի հետ մի ամբողջություն է, եւ այդ տարածքի վերահսկողության կորուստը խոցելի կդարձնի Սուրբ աթոռի գործունեությունը։