Իսկ ձեր տունը խելացի՞ է: Հավանաբար չեք էլ մտածել սրա մասին, մինչդեռ ընդամենը մի քանի պարզ գործողության արդյունքում կարող եք ունենալ ոչ միայն խելացի (կամ պասիվ), այլեւ «ակտիվ տուն»:
Բնակարանի կոմունալ-կենցաղային ամսական ծախսերը բավականին մեծ թիվ են կազմում: Հատկապես ջեռուցման սեզոնին դրանք կարող են գերազանցել միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսերի ¼-ը: Էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացման պայմաններում այս հարցը կարող է ավելի սրվել: Մինչդեռ ջեռուցման ծախսերը հնարավոր է կրճատել, օրինակ, ջերմամեկուսացնելով բնակարանը: Տունը կարող է կորցնել ջերմություն դռներից, պատուհաններից, տանիքից, անգամ հատակից: Մինչդեռ եթե դուք իրականացնենք ջերմամեկուսացման գործողություններ, էներգիայի զգալի խնայողություն կունենաք: Ըստ տարբեր հաշվարկների՝ մինչեւ 70%-ով:
Կարելի է վերանայել նաեւ էլեկտրաէներգիայի սպառման որոշ սկզբունքներ, օրինակ՝ սովորական շիկացման լամպերը փոխարինել ԼԱԴ (LED) լամպերով: Արդյունքում կունենաք տուն, որի հիմնական առանձնահատկությունը էներգիայի ցածր սպառումն է էներգիայի պասիվ խնայողության մեթոդների օգտագործման շնորհիվ, այսպես կոչված՝ «պասիվ տուն»։
Թե որքան արդյունավետորեն եք օգտագործում ձեր միջոցներն այս առումով, հնարավոր է հաշվարկել էներգաարդյունավետության ցուցանիշով՝ հաշվարկելով ջերմային էներգիայի կորուստը 1 քմ-ի համար (կՎտժ/մ²)՝ «տարեկան կամ ջեռուցման սեզոնի ընթացքում»։
Միջինում, Գերմանիայում սովորական շինությունը սպառում է 100-120 կՎտժ/մ²։ Շենքը համարվում է էներգաարդյունավետ, եթե այդ ցուցանիշը ցածր է 40 կՎտժ/մ²-ից։ Պասիվ տների համար այս ցուցանիշն ավելի ցածր է`մոտ 10 կՎտժ/մ²։
Փոքր-ինչ ավելի ջանքեր ներդնելու դեպքում հնարավոր է ստեղծել մի «ակտիվ տուն», որը ոչ միայն քիչ էներգիա է ծախսում, այլև գրագետ տնօրինում է ավելորդ էներգիան:
Աշխարհում առաջին ակտիվ տունը կառուցվել է Դանիայում, որը բացի քիչ էներգիա սպառելուց, ինչպես «պասիվ տունը», նաեւ էներգիա է արտադրում, որը կարող է տալ կենտրոնական ցանցին՝ դրա դիմաց ստանալով գումար։ Այսպիսով՝ տունը դառնում է եկամտի, ոչ թե ծախսերի աղբյուր։
Հայաստանում եւս ընձեռված են հնարավորություններ, օրինակ՝ արեւային կայանի միջոցով ոչ միայն հոգալ էլեկտրաէներգիայի սեփական ծախսերը, այլեւ լրացուցիչ արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց տարեվերջին գումար ստանալ, ճիշտ է՝ էլեկտրաէներգիայի գործող սակագնի կիսով չափ՝ մոտ 23․8 դրամ/կՎտ արժեքով։
Հայաստանն ունի արեւային էներգիայի մեծ ներուժ (1 քմ հորիզոնական մակերևույթի վրա արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/քմ), արեւային օրերի քանակը եւս նպաստավոր է:
Սակայն ինչպես գրագետ ու արդյունավետորեն օգտվել այս հնարավորություններից՝ ոչ բոլորն են տեղյակ: Էներգաարդյունավետության հարցերում բնակչության ու ՏԻՄ-երի իրազեկման, կարողությունների զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանք է տանում «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում սեմինարներ են կազմակերպել եւ ուսանողներին, ՏԻՄ ու բիզնեսի ներկայացուցիչներին, ուղղակի հետաքրքրված անհատներին ներկայացրել ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները, վերականգնվող եւ այլընտրանքային էներգետիկայի, էներգախնայողության հիմնահարցերը, ոլորտի զարգացումների հավանական սցենարները:
«Ավելի քան 80 հոգու վերապատրաստել ենք: Դասընթացները բաղկացած էին տեսական եւ գործնական բաժիններից, այցելել ենք ոլորտային օբյեկտներ, այդ թվում՝ հողմակայան, արեւային ֆոտովոլտային կայաններ, ոլորտային կրթական հաստատություններ եւ այլն: Մեծ հետաքրքրություն կար: Հավանաբար նույն մարզերում կշարունակենք, քանի որ երեք օրը բավարար չէր նեղ մասնագիտական ու առօրյա հարցերին պատասխանելու համար, ինչպես նաեւ սկսածը կտարածենք այլ մարզերում էլ: Տեղեկատվության բացերը շատ էին: Կոպիտ կհնչի, բայց ներքեւի՝ սպառողների օղակում բոլորը բոբիկ են մասնագիտական, առավել եւս շատ անհրաժեշտ կիրառական գիտելիքներից, ՏԻՄ-երից սկսած»,- տեղեկացրեց ծրագրի ղեկավար Լիանա Ներսիսյանը:
Նախաձեռնության հեղինակները ոչ միայն փորձում են ներկայացնել, թե ինչպես ներդնել «խելացի տուն» համակարգը, ինչպես իրականացնել բնակարանի էներգաաուդիտ, ինչ է արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայանը, այլեւ թե պայմանագրի որ կետերի վրա ուշադրություն դարձնել, որ հետո իրենց իսկ կայանի ձեռքը կրակը չընկնեն: Փորձում են ներդնել էներգափորձագետի ինստիտուտ: Այս դեպքում կարելի է մեկ անգամ վճարել պայմանականորեն 50000 դրամ, բայց ունենալ խորհուրդ, թե ինչ կայան, ինչպես, ինչ բարձրության վրա տեղադրել, ինչպես հետգնման ժամկետը հաշվարկել եւ ունենալ հնարավորինս շահեկան գործարք:
«Մենք ներկայացնում ենք, որ, օրինակ, եթե դրվածքային հզորությունը 5 կՎտ է, համոզվել՝ կայանը կարտադրի՞, արդյոք, այդքան, որ ուշադրություն դարձնեն՝ պայմանագրում նվազագույն շեմը նշվի, որ հետո իրենց խաբված չզգան: Շիրակում ճառագայթումը բարձր է, բայց կախված տան, շինության տեղադիրքից՝ կարող է պակաս լինել: Կամ բարձր տոկոսադրույքներով են տալիս անբարեխիղճ բիզնեսների ներկայացուցիչները»,- բացատրում է տիկին Ներսիսյանը:
Անցած տարի Քովիդ-19 համավարակի ու պատերազմական ճգնաժամի պայմաններում նրանց հաջողվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) աջակցությամբ արդյունավետ աշխատել Մրգաշեն համայնքում՝ իրականացնելով ոչ միայն իրազեկման դասընթացներ, այլեւ գործնականում ցույց տալ էներգաարդյունավետ լուծումների արդյունավետությունը:
Մրգաշենում տեղադրել են արեւային էներգիայի ստացման ՖՎ երկու կայան՝ 5 կՎտ եւ 20 կՎտ հզորությամբ. առաջինը՝ մանկապարտեզի կարիքները հոգալու համար, երկրորդը՝ ՏԻՄ ադմինիստրատիվ շենքի էլեկտրաէներգիայի պահանջների ու բնակավայրի փողոցային լուսավորության ապահովման համար:
Մանկապարտեզի տանիքին նաեւ արեւային երկու ջրատաքացուցիչ (300լ) են տեղադրել: ՏԻՄ-ն էլ, ոգեւորված այս աշխատանքներից, մանկապարտեզի ջեռուցման համակարգն է փոխել: Արդյունքում, ըստ «Կանաչ Մրգաշեն. դեպի կայուն եւ մաքուր էներգիա» ծրագրի ղեկավար Լիանա Ներսիսյանի, մանկապարտեզը գործում է կլոր տարի, ինչը մեկ այլ դրական արդյունք էլ է տվել:
«Մայրիկները կարող են հանգիստ գնալ աշխատանքի, քանի որ գիտեն, որ ցրտերն ընկնելուն պես մանկապարտեզը չի փակվի: Իսկ նախկինում հոկտեմբերից այն չէր գործում մինչեւ գարուն»,- ասաց տիկին Ներսիսյանը:
Մրգաշենում նաեւ բազմաբնակարան երկու շենքի շքամուտքերում ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացրել՝ տանիքի հիմնանորոգում, ընդհանուր օգտագործման տարածքների պատուհանների ու դռների փոխարինում, նախամուտքի կառուցում, միջանցքների լուսավորման համար ԼԱԴ լամպերի տեղադրում, հաշվիչների արկղերի փոխարինում: Այս բոլոր գործողություններում համայնքը եւս ներդրում է ունեցել աշխատուժի եւ անհրաժեշտ տեխնիկայի տրամադրման միջոցով՝ իր վրա վերցնելով նաեւ տանիքը հիմնանորոգումը:
«Այս ամենի շնորհիվ համայնքը տարեկան ավելի քան 20% (առնվազն 2 մլն դրամ) խնայողություն է ունենում, որը կարող է ներդնել համայնքի զարգացման մեջ»,- ասաց ծրագրի ղեկավար Լիանա Ներսիսյանը:
Մարդկանց ուշադրությունը ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառման ու զարգացման վրա սեւեռելու նպատակով 2008 թվականին Ղազախստանում՝ Ռեսուրսների ու էներգիայի օգտագործման դպրոցական միջազգային ծրագրի (SPARE) համակարգողների խորհրդաժողովում, որոշվեց նոյեմբերի 11-ը հայտարարել Էներգաարդյունավետության միջազգային օր:
ՀՀ Կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը՝ որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: Մեր երկրում տնտեսության բոլոր ճյուղերում էներգախնայողությունը խթանելու նպատակով օրենքներ ու որոշումներ են ընդունվել, «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիրը», ներկայում էլ կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում է էներգետիկ ոլորտի ռազմավարություն մշակվում: Այսուհանդերձ, ոլորտում շարունակում է մեծ մնալ հասարակական կազմակերպությունների ու միջազգային կառույցների դերը: Վերջիններս հավաստիացնում են, որ ներկայում արդեն միայն էներգախնայողությունը բավարար չէ, անհրաժեշտ է իրականացնել էներգաարդյունավետության գործողություններ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։