Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի կապույտի երանգը փոխել է ավելի մուգով: Ըստ «Le Parisen» թերթի՝ ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած է մուգ կապույտ, սպիտակ եւ կարմիր գույներից:
«Europe 1»-ը հայտնել է, թե կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել է չնկատված, քանի որ դրա մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Դրոշի այդ երանգը հղում է 1793-ի Ֆրանսիայի դրոշին:
Որոշումը մասամբ գեղագիտական է, քանի որ ֆրանսիական դրոշը եւ ԵՄ-ի դրոշը կողք կողքի ծածանվում էին բազմաթիվ վայրերում, եւ նրանց գույները համընկնում էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Սենատի եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության շենքերի վրա:
Ֆրանսիական դրոշի գույնի փոփոխության մասին որոշումը հանրապետության նախագահի կողմից ընդունվել է 2020-ի հուլիսի 13-ին Ելիսեյան պալատի գործառնական տնօրեն Առնո Ժոլենսի նախաձեռնությամբ: