Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ առավոտյան այցելել է Նորայր Միրզոյանին: Նա կալանավորված կամ ձերբակալված չէ, բուժհիմնարկում է` բժիշկների հսկողության տակ:
Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ հետաքրքրվել է Միրզոյանի առողջական վիճակով եւ հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
«Այնուհետեւ հանդիպել եմ նաեւ Ն. Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է: Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնելու Ն. Միրզոյանի եւ նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին եւ ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի ՄԻՊ գրասենյակն իր իրավասությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն. Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն:
Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից շաբաթ օրը տեղեկություններ ստացվեցին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր: Ռուս խաղաղապահները բռնել էին պայթուցիկ նետած անձին, որը Արցախի քաղաքացի է։ Նրան հարցաքննելուց հետո ռուսները փոխանցել էին Ստեփանակերտին։