Պենտագոնն Ուկրաինա է ուղարկել ռազմական օգնության հերթական խմբաքանակը` հարձակողական սպառազինություն ու զինամթերք։
Սպառազինությունը մատակարարվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել Ուկրաինայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած սեպտեմբերյան այցի ընթացքում: Ամերիկյան պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր Ուկրաինան Միացյալ Նահանգներից մոտ 80 հազար կիլոգրամ զինամթերք է ստացել։ Դա ԱՄՆ-ի կողմից 60 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնության շրջանակում արված չորրորդ մատակարարումն է, որը նախագահ Բայդենն Ուկրաինա է ուղարկել՝ ցույց տալու համար ԱՄՆ հավատարմությունը կայուն, ժողովրդավարական եւ ազատ Ուկրաինայի հաջողությանը»,- հայտնել է դեսպանատունը:
Պենտագոնն այսպիսով ավարտել է Կիեւի համար նախատեսված ռազմական օգնության մատակարարումը։ 2014-ից ի վեր Ուկրաինան արդեն ավելի քան 2,5 մլրդ դոլարի օգնություն է ստացել: ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները Կիեւում վայրէջք էին կատարել նաեւ հոկտեմբերի 10-ին, 14-ին ու 22-ին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի մանրամասնում մատակարարումների անվանացանկը. լրատվամիջոցները հայտնել են միայն «Javelin» հակատանկային համալիրների նոր խմբաքանակի, շարժական հոսպիտալների, դիտարկման միջոցների ու զինամթերքի մասին: