Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են Անկարայի եւ Մոսկվայի փոխազդեցության հարցերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը։
Ռուսական կողմի տվյալներով՝ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնել է Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 15-ին խորհրդակցություն է անցկացրել Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ։
«Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական իրականացման կարեւորությունը»,- ասված է հայտարարությունում։
Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարները կարեւորել են նաեւ տարածաշրջանային նոր ձեւաչափի՝ «3+3»-ի մեկնարկը, որտեղ առաջարկվում է ներառել Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց երեք մեծ հարեւաններ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։
ՌԴ ԱԳՆ-ն նոր հարթակը բնորոշել է իբրեւ տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ եւ ընդգծել այն օր առաջ գործարկելու անհրաժեշտությունը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան միաժամանակ համադրել են մոտեցումները ԱՊՀ տարածքի այլ հարցերի, մասնավորապես Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։