ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր հրետանային միջոցների, զրահատեխնիկայի եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի եւ մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի եւ վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում 13:00-ից սկսած հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, մոտավորապես 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող:
Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, թե Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։
«Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի եւ անդամ երկրների, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա։ Այս ամենը տեղի է ունենում հենց այս պահին, հենց այս րոպեներին։ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, եւ որոնք վերահաստատվել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի ֆորմատով։ Այդ հայտարարությունները եւ այդ դրույթները պաշտոնապես հաստատվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է Պապոյանը։