ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Ռուսաստանին դիմելու գործընթաց է սկսում։
«Մենք կարեւոր ենք համարում ընդգծել՝ քանի որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- հայտարարել է Գրիգորյանը:
Գրիգորյանն ընդգծել է, թե այս բանավոր դիմումը գրավոր ընթացակարգ է ունենալու: «Մենք ուզում ենք հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, եւ մենք հնարավորություն կունենանք վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը:
Նա հավելել է, թե բազմիցս խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար: Արմեն Գրիգորյանը նշել է, որ մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանցիները խախտում են այդ կարմիր գիծը: «Այս առումով մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Գրիգորյանը:
Նա նշել է, թե եթե հնարավոր է իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով, պետք է լուծել բանակցային ճանապարհով, այլապես ՌԴ-ն ՀՀ-ին պետք է տրամադրի բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել: