ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:
Նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո աջակցության փաթեթին ու Արեւելյան գործընկերության ուղենիշային նախաձեռնությունների շրջանակում հետագա արդյունավետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։