ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը:
«Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը»,- գրել է Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ–ը հիշեցրել է, որ ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ներխուժել են եւ անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարեւանությամբ ու ինքնիշխան տարածքում: «Այդ ժամանակից սկսած տարբեր ժամանակաշրջաններում զբաղված են պարբերական հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, իրական վտանգ են քաղաքացիական բնակիչների կյանքի եւ առողջության համար, հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, նրանց արարքների պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը եւ այլն»,–հիշեցրել է Թաթոյանը։
Պաշտպանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքներին առնչվող հրատապ ուսումնասիրություններ է նախաձեռնել:
«Որոշ տվյալներով հաղորդվում է ՀՀ 6 զինծառայողներ գերեվարելու մասին. սա բացահայտ անօրինական արարք է, քան որ ադրբեջանական զինծառայողների տեղակայումներն ու արարքներն են ի սկզբանե առանց իրավական հիմքերի են (unlawful)»,- ասել է Թաթոյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները կրում են ամբողջ պատասխանատվությունն իրենց ի սկզբանե անօրինական, ահաբեկչական արարքներով ՀՀ զինծառայողների կյանքի ու առողջության ցանկացած վնասի համար: